Սա միայն Հրայր Թովմասյանի խնդիրը չէ
Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ ռեպրեսիվ միջոցները շարունակվում են եւ նոր թափ առնում։ Պետական ամբողջ մեքենան, բոլոր օրինական և անօրինական միջոցներով, օգտագործվում է ՍԴ դատավորներից ազատվելու, Սահմանադրական Դատարանը իշխանություններին հպատակեցնելու ուղղությամբ։ Քննչական գործողություների կատարումը, զուգորդված Հ. Թովմասյանի իրավունքների խախտումներով, անհիմն խուզարկությունը, խուզարկության տեսանկարահանման արգելքը, ապագայում քրեական գործերի հիմք են դառնալու։
ՍԴ դատարանի նախագահից օր առաջ ազատվելու քաղաքական որոշումը չի կարող անտեսվել մեր և միջազգային հանրության կողմից։ Խնդիրը ոչ միայն Հրայր Թովմասյանի իրավունքների խախտումն է, այլ Սահմանադրական Դատարանի և պետության հեղինակազրկումը։
Անհրաժեշտ է փաստել, սակայն, որ Հրայր Թովմասյանը իր դիրքորոշման, անօրինականություններին դիմադրելու իր որոշման մեջ մենակ չէ։ Միայնակ չէ նաև պետական մարմինների հարձակման դեմ, ռեպրեսիվ մեքենայի բացահայտ դրսևորման դեմ պայքարելու հարցում։ Հասարակության կրթված, գիտակից հատվածը շատ լավ հասկանում է այս ամենի քաղաքական ենթատեքստը, շատ լավ հասկանում է, որ խնդիր է դրված ազատվել անկախ դատական համակարգից, այն համալրելով յուրայիններով։
Եվ եթե այսօր այս հատվածը՝ տանը կամ աշխատատեղերում, ցուցաբերում է պասիվ աջակցություն, ապա դա շատ արագ կարող է վերաճել ակտիվ դիրքորոշման։
Սա միայն Հրայր Թովմասյանի խնդիրը չէ, սա համընդհանուր խնդիր է։ Սա երկրի հեղինակության, երկրի պետականության խնդիրն է։
«Այլընտրանքային նախագծեր խումբ»