«Ծիտիկներին եմ ասել՝ «շան տեղ» մի դրեք, կարող են դիմել կենդանիների պաշտպանությամբ զբաղվով կազմակերպություններին». Ալեն Սիմոնյանը՝ իր գրառման մասին

Ինչպես հայտնի է՝ Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը պատրաստվում է դիմել էթիկայի հանձնաժողովին՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառման համար: Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր գրառման տակ գրել էր, որ «շան տեղ» չդնեն Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համակիրներից մեկին՝ Նանե Արզումանյանին:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ասաց, որ հանգիստ կարող են դիմել էթիկայի հանձնաժողովին, ինքը որևէ խնդիր չունի, բայց պետք է իմանան՝ ինչի համար են դիմում:

«Ես տիկին Արզումանյանի մասին նման բան չեմ գրել, նրան պատասխանել եմ «դուք»-ով, հետագայում, երբ խոսքը գնացել է ծիտիկների մասին, ասել եմ, որ ծիտիկներին շան տեղ չպետք է դնել: Եթե կան ինչ-որ մարդիկ, որոնք ցանկանում են դիմել էթիկայի հանձնաժողով, քանի որ ասել եմ՝ ծիտիկներին շան տեղ չդնեն, դեմ չեմ՝ թող դիմեն, կարող են նաև դիմել ՄԱԿ-ին և կենդանիների պաշտպանությամբ զբաղվող որոշ կազմակերպությունների»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որ իշխանությունները «էյֆորիայից իրենց գլուխը կորցրել են», Ալեն Սիմոնյանն ասաց, որ նման բան չկա:

Ինչ վերաբերում է Մարուքյանի մյուս հայտարարությանը, որ իշխանությունը փորձում է սահմանափակել խորհրդարանական ընդդիմության ազատ խոսքի իրավունքը, ԱԺ փոխոսնակը նկատեց, թե ականատես են լինում երևույթի, երբ ուղղակի ասելիք չկա, այդ պատճառով էլ խորհրդարանում, երկու օր է, տեղի են ունենում նման բովանդակությամբ քննարկումներ:

«Ընդդիմությունը մշտապես ինչո՞վ է աչքի ընկել. երբ խոսք է եղել աշխատավարձերի բարձրացման, տնտեսական վիճակի բարելավման և այլնի մասին, այսօր իշխանությունը բոլոր հարցերի պատասխանը տալիս է և այսօր իշխանությունն ինքն իրենով հենց ընդդիմություն է ներկայացնում: Կարծում եմ՝ ասելիքի ճգնաժամ կա, դա է պատճառը այն ամենի, ինչին այսօր ականատես ենք լինում: Որոշ հարցերով համաձայն եմ Մարուքյանի հետ, պետք է ուշադիր լինենք  կարծիքներին, այս հարցերի հետ կապված նրա հետ համաձայն եմ, մյուս հարցերի մասով նրա անհանգստությունները չեմ կիսում»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս