«Որոշ անձանց, այդ թվում՝ դատարանին, անհրաժեշտ է ոչ թե՝ կենդանի Մանվել Գրիգորյանը, այլ՝ մահացած». Լևոն Բաղդասարյան

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը մեկ շաբաթ առաջ դատարանի որոշմամբ փոխվեց, ու Գրիգորյանը ազատ արձակվեց` չհեռանալու մասին ստորագրությամբ: Բայց այս մեկ շաբաթում Գրիգորյանի վիճակում դրական տեղաշարժ չկա: Ըստ փաստաբան Լևոն Բաղդասարյանի՝ Մ. Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է, ինքնուրույն չի կարող տեղաշարժվել և 24-ժամյա ռեժիմով օգտվում է թթվածնային սարքից:

Փաստաբանի խոսքով, դրան զուգահեռ՝ Գրիգորյանի գործով ոչ թե դատավարություն է ընթանում, այլ տևական խոշտանգում, այն էլ՝ երկրի բարձրագույն իշխանության աչքի առաջ:

«Որոշ անձանց, այդ թվում՝ դատարանին, անհրաժեշտ է ոչ թե՝ կենդանի Մանվել Գրիգորյանը, այլ՝ մահացած Մանվել Գրիգորյանը, երևի այն սկզբունքով, որ «չկա մարդ, չկա խնդիր»»,- ասաց փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Մոտ 10 ամիս գտնվելով քաղաքացիական հիվանդանոցում, Գրիգորյանի մոտ արձանագրվել էր հիվանդությունների աճ: Անգամ Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը մեկ շաբաթ առաջ փաստել էր, որ Գրիգորյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ: Այդուհանդերձ, երեկ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մանուկյանի նախագահությամբ, մերժել էր Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ Գրիգորյանին Ֆրանսիա բուժման ուղարկելու վերաբերյալ միջնորդությունը:

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ թույլ չեն տալիս, որ Գրիգորյանը գնա Ֆրանսիա, արժանապատիվ բուժվի, գա, ներկայանա արդարադատությանը, քանի որ իրենց հենց այդ տարբերակն է հարմար՝ Գրիգորյանին առնչվող գործի հենց սկզբում իրականացրած քայլերն արդարացնելու համար:

«Չի բացառվում, որ առաջիկա օրերին դիմեմ վարչապետին, որպեսզի վերջինիս անմիջական հանձնարարությամբ ստեղծվի անկախ հանձնաժողով, որը գնահատական տա Գրիգորյանի գործով այն անօրինականություններին, որ, մեր կարծիքով, տեղի են ունեցել և ունենում լիազոր մարմինների կողմից»,- ասաց փաստաբանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս