«Սուրճի սիրահար չեմ, կարծում եմ՝ պարոն Մարուքյանն էլ, մենք մեկ շաբաթ առաջ միասին սուշի էինք ուտում». Ռուբեն Ռուբինյանի արձագանքը՝ Էդմոն Մարուքյանի հայտարարությանը

Այսօր խորհրդարանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ Էդմոն Մարուքյանը նախկիններին կարոտել է և նրանց հետ կարող է գնալ սուրճ խմելու:

Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ռուբինյանին հիշեցրեց, որ ինքն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ սուրճ խմել «Թուֆենկյան» հյուրանոցում: «Որևէ մեկի հետ սուրճ խմելու ոչ մի բարդույթ չունեմ։ Ուզում եմ Ռուբեն Ռուբինյանին հիշեցնել, որ ինքը Արմեն Աշոտյանին խնդրել էր հանդիպում։ Հանդիպել էր «Թուֆենկյան» հյուրանոցում, սուրճ էր խմել Աշոտյանի հետ և խնդրել էր, որ աջակցի, ու ՀՀԿ-ն դեմ չլինի, որ իրենք դառնան EPP-ի անդամ։ Սուրճ խմողն ինձ մեղադրում է սուրճ խմելու մե՞ջ։ Ես խնդիր չունեմ, բոլորի հետ կարող եմ սուրճ խմել։ Իր հետ սուրճ չեմ խմում, դրանից է նեղված, որովհետև անհետաքրքիր է իր հետ զրույցը։ Ինչի՞ց խոսես Ռուբինյանի հետ, ի՞նչ քննարկեմ նրա հետ»,-  ասաց Էդմոն Մարուքյանը:

Լրագրողների հետ զրույցում պատասխանելով Մարուքյանի հայտարարությանը՝ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ ավելի «սազական կլիներ», որ Էդմոն Մարուքյանն իր ճեպազրույցը լրագրողներին տար իրենց խոհանոցում, քանի որ դրա բովանդակությունն ամբողջովին խոհանոցային էր:

«Կար քննիչ հանձնաժողով ստեղծելու հարց, և «Իմ քայլը» հանգամանալից ներկայացրեց այն խնդիրը, որը կա դրա հետ կապված: Քննիչ հանձնաժողովի թեման չի մտնում ԱԺ լիազորությունների շրջանակի մեջ: Իշխանությունը որևէ խնդիր չունի  որևէ հարց պարզաբանելու, ճշտելու կամ դրանց պատասխանելու համար: Փաստորեն, մեր սիրելի գործընկեր Էդմոն Մարուքյանն ուշադրության պակաս ունի և փորձում է իր պնդումների բովանդակազրկությունը լրացնել սկանդալներով»,- շեշտեց նա:

Ըստ Ռուբինյանի՝ Արմեն Աշոտյանի հետ հանդիպելու և նրան խնդրանքով դիմելու վերաբերյալ Մարուքյանի հայտարարությունը խեղաթյուրված է:

«Արմեն Աշոտյանի հետ հանդիպումը գաղտնի չի եղել, դա տեղի է ունեցել 7-8 ամիս առաջ, հանդիպման թեման երկուսն է եղել: Առաջինը՝ ԵԽԽՎ-ում իշխանական պատգամավորները՝ ներառյալ ինձ, մտել են ԵԺԿ-ի խմբի մեջ: Երբ քննարկում էի ԵԺԿ խումբ մտնելու մեր հարցը, իմ այնտեղի գործընկերները՝ հաշվի առնելով, որ Հանրապետական կուսակցությունը ԵԺԿ-ի ասոցիացված անդամ է, ասացին՝ տեղյակ պահենք նաև Արմեն Աշոտյանին՝ բարեվարքությունից ելնելով, ինչը ես արել եմ: Նույն հանդիպման ընթացքում ես պարոն Աշոտյանին խնդրել եմ՝ արդյո՞ք նա կկարողանա հակահայկական զեկույցի պատգամավորի հետ հանդիպում կազմակերպել, ինչը նա չի կարողացել, ամբողջ պատմությունն այսքան է եղել»,- պատմեց Ռուբեն Ռուբինյանը:

Նա նաև ցավում է, որ խորհրդարանում բոլոր քննարկումները «բովանդակազրկվում են և բերվում են խոհանոցային մակարդակի»:

«Ինքս առանձնապես շատ սուրճ չեմ խմում, որքանով գիտեմ՝ պարոն Մարուքյանը՝ նույնպես: Մենք, օրինակ, մեկ շաբաթ առաջ միասին սուշի էինք ուտում, իմ բարոյականությունն ինձ թույլ չի տալիս՝ ասելու, թե ինչ թեմաներով էր պարոն Մարուքյանն ինձ հետ խոսում և ինչ խորհուրդներ էր հարցնում»,- շեշտեց Ռուբեն Ռուբինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս