Դատարանը որոշել է վերադարձնել նախարար Ռուստամ Բադասյանի՝ Նարեկ Մալյանի դեմ ներկայացրած հայցադիմումը

168.am-ը հայտնել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քաղաքացիական հայց է ներկայացրել «ՎԵՏՕ» հասարակական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի դեմ:

Datalex.am կայքից կարողացել էինք միայն տեղեկանալ, որ ներկայացված քաղաքացիական հայցը մուտք էր արվել 2019 թվականի դեկտեմբերի 30-ին, մակագրվել էր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին, ու հայցով արդարադատության նախարարը Նարեկ Մալյանից պահանջում էր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում:

Քիչ առաջ պարզ դարձավ, որ Դատարանը որոշել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացրած հայցադիմումը վերադարձնել, քանի որ, ըստ դատական ակտի, «հայցվորը (Ռուստամ Բադասյանը) չի պահպանել գործող օրենսդրությամբ հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները, որով թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատարավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի խախտում»:

Բադասյանն իր դիմումում չի նշել իր ներկայացուցչի՝ Տաթևիկ Սարգսյանի անձնական տվյալները և չի կցել նրա անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

Թերի հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը դատարանն ուղարկել է պատասխանող Նարեկ Մալյանին: Վերջինս էլ, անդրադառնալով հայցադիմումի վերադարձին, գրել է. «Սորոսականների սիրելի հզոր իրավաբան Ռուստամ Բադասյանի հայցը դատարանը որոշեց վարույթ չընդունել, որովհետև (բռնվեք) արդարադատության նախարարի հայցը թերի էր… Հիշեցնեմ, որ թերի հայց ներկայացրած մարդը այսօր մեր երկրում ճառում է իրավաբանությունից»:

Տեղեկացնենք նաև, որ Ռուստամ Բադասյանը հայցադիմումը վերադարձնելու որոշումը ստանալու պահից ունի 3 օր ժամանակ հայցադիմումում թույլ տված թերությունները վերացնելու և այն կրկին դատարան ներկայացնելու համար:

Սկանդալ.Դատարանը որոշել է արդարադատության նախարարի իմ դեմ ներկայացրած հայցը հետ վերադարձնել: Սորոսականների սիրելի հզոր…

Gepostet von Narek Malian am Mittwoch, 22. Januar 2020

Տեսանյութեր

Լրահոս