«Արդարադատության նախարարն օգտագործում է իր դիրքն ինչ-որ բանի համար». Նարեկ Մալյան

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քաղաքացիական հայց է ներկայացրել «ՎԵՏՕ» հասարակական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի դեմ:

Datalex.am կայքից հնարավոր եղավ միայն տեղեկանալ, որ ներկայացված քաղաքացիական հայցը մուտք է արվել 2019 թվականի դեկտեմբերի 30-ին, արդեն վարույթ է ընդունվել, անգամ մակագրվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին ու հայցով արդարադատության նախարարը Նարեկ Մալյանից պահանջում է պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում: Հայցի բնույթից տեղյակ չէ անգամ պատասխանող կողմը:

«Բացարձակ տեղյակ չեմ, երեկ եմ իմացել, լրագրողի զանգից: Դեռևս ո՛չ հայցն եմ ստացել, ո՛չ ծանուցումը, բայց շատ հետաքրքիր շտապողականությամբ՝ դեկտեմբերի 30-ին մուտքագրված հայցն արդեն վարույթ է ընդունվել, նույնիսկ դատավոր է նշանակվել: Դա արդեն իսկ խոսում է այն մասին, որ Արդարադատության նախարարը, վստահ կարող եմ ասել, օգտագործում է իր դիրքն ինչ-որ բանի համար: Ես բացարձակ տեղյակ չեմ, թե ինչի մասին է հայցը»,- 168.am-ին ասաց Նարեկ Մալյանը՝ վստահեցնելով, որ այս շտապողականության հետևում ինչ-որ բան կա:

Ն. Մալյանը հիշատակեց իր օրինակը, երբ նախորդ տարի այս օրերին դիմել էր դատարան, բայց որևէ նիստ դեռևս նշանակված չէ, ու գտնվում է մակագրման փուլում:

«Իսկ այս տարբերակում տեսնում ենք, որ ինչ-որ շտապողականություն կա»,- ասաց Ն. Մալյանը:

Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ենթադրում է, թե ինչ արարքի հիման վրա է գործ հարուցվել, քանի որ Datalex.am-ում միայն տեղեկություն է այն մասին, որ հայցվոր Ռուստամ Բադասյանը պատասխանող Նարեկ Մալյանից պահանջում է պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում, Ն. Մալյանը պատասխանեց.

«Անկեղծ ասած, բացարձակապես պատկերացում չունեմ, թե խոսքն ինչի մասին է: Նույնիսկ մոտավոր պատկերացում չունեմ: Եթե արագ պատասխան է պետք, ճիշտ կլինի՝ զանգեք Ռուստամ Բադասյանի փաստաբանին, որը նաև համատեղության կարգով իր կինն է: Հայցադիմումը ես չեմ գրել, ես գրած լինեի՝ կասեի»:

Այսօր առավոտից փորձում էինք կապ հաստատել նաև Ռուստամ Բադասյանի փաստաբան Տաթևիկ Սարգսյանի հետ: Մեր զանգերը, սակայն, անպատասխան մնացին: Առաջիկայում ևս կփորձենք նրա հետ կապ հաստատել:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս