Մարտունու բժշկական կենտրոնում եկող շաբաթվանից կգործի հեմոդիալիզի բաժանմունքը
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնում հեմոդիալիզի բաժանմունքի բացման ուղղությամբ արդեն կատարվում են նախապատրաստական վերջին աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, հեմոդիալիզի բաժանմունքը եկող երկուշաբթի օրվանից՝ հունվարի 27-ից, կսպասարկի հերթագրված առաջին շահառուներին: «Բաժանմունքի ստեղծման ձեռնարկը սկսվել է մոտ մեկ տարի առաջ, հիվանդների խնդրանքով եւ ՀՀ Առողջապահության նախարարի, Գեղարքունիքի մարզպետի ներկայացված առաջարկությամբ ու կառավարության համաձայնությամբ:
Բաժանմունքը ծրագրով նախատեսված էր ստեղծել 2022 թվականին, բժշկական կենտրոնի նորակառույց շենքում, սակայն, ելնելով հիվանդների խնդրանքից ու նրանց բուժումը տեղում կազմակերպելու խիստ անհրաժեշտությունից, որոշվեց ժամանակավորապես այն տեղավորել հին մասնաշենքում՝ մինչեւ նոր շենքի շահագործումը: Տարածքի հիմնանորոգումը կատարվել է բժշկական կենտրոնի, մասամբ էլ՝ տնօրենի տրամադրած անձնական միջոցների հաշվին, իսկ սարքավորումները ձեռք են բերվել ՀՀ Առողջապահության նախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի միջոցներով: Մեր կողմից ընտրվել ու վերապատրաստվել է բուժանձնակազմը: Արդեն կատարում ենք հիվանդների հերթագրում, որի համար տարածել ենք համապատասխան տեղեկատվություն: Ձեռք ենք բերել հեմոդիալիզի 5 սարքավորում, որը մեզ հնարավորություն է տալիս՝ մեկ հերթափոխում սպասարկելու 30 հիվանդի:
Այս ձեռնարկի արդյունքում մեր մարզի, մասնավորապես Մարտունու եւ Վարդենիսի տարածքի առողջական խնդիրներ ունեցող մարդիկ արդեն բուժումը կստանան տեղում՝ խնայելով որոշակի միջոցներ, քանի որ մինչ այդ ստիպված էին դիմել մայրաքաղաքի բուժհաստատությունների օգնությանը՝ վատնելով թե՛ ավելորդ ժամանակ, թե՛ նկատելի միջոցներ ճանապարհածախսի կամ գիշարակացի համար: Մարտունու ԲԿ նոր շենքի կառուցման համար արդեն հայտարարված է շինարարական մրցույթ, իսկ շինարարական աշխատանքների մեկնարկը, ամենայն հավանականությամբ, կտրվի այս տարվա գարնանը»,-ներկայացրեց Մարտունու Բ-Կ-ի տնօրենը:
Խոսրով Խլղաթյան