«Չեմ կարծում, որ վարչապետի կողմից Գեորգի Կուտոյանի հուղարկավորությանը չմասնակցելը կարող է շահարկման առարկա դառնալ». Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին և հուղարկավորությանը, նախ՝ իր ցավակցությունները հայտնեց Կուտոյանների ընտանիքին, ապա պատասխանեց.

«Իսկապես շատ սարսափելի բան է տեղի ունեցել, որից ազդվել ենք բոլորս: Ինչ վերաբերում է վարչապետին, ապա նա ցավակցական խոսք հղել է Կուտոյանների ընտանիքին, և իշխանության առանձին ներկայացուցիչներ ներկա են եղել հրաժեշտի արարողությանը: Իսկ այն անձինք, այդ թվում՝ վարչապետը, որոնք չեն մասնակցել, չեմ կարծում, որ դա կարող է դառնալ շահարկման առարկա»:

Մեր դիտարկմանը, որ վարչապետն իր ցավակցական խոսքը հղել է միայն այն բանից հետո, երբ 168.amդիմել էր կառավարություն՝ ճշտելու, թե ինչու չի ցավակցել Կուտոյաննների ընտանիքին, Լիլիթ Մակունցը նկատեց՝ այդ ամենին չի հետևել և ոչինչ չի կարող ասել, բայց փաստն այն է, որ վարչապետը ցավակցել է.

«Չեմ կարծում, որ վարչապետի կողմից Գեորգի Կուտոյանի հուղարկավորությանը չմասնակցելը կարող է շահարկման առարկա դառնալ»:

Մակունցը նաև դժվարացավ ասել, թե Կուտոյանի հուղարկավորությանն իրենց խմբակցությունից ովքել են մասնակցել.

«Անձամբ ես չեմ կարող մասնակցել, քանի որ պետք է ներկա լինեմ նիստերին»,- շեշտեց նա:

Նա նաև ընդգծեց, որ իր համար անընդունելի է ցանկացած շահարկում կամ ատելության խոսք։

«Բոլորը պետք է զսպվածություն ցուցաբերեն։ Յուրաքանչյուրս ունենք մեր պատասխանատվության մասնաբաժինը, որպեսզի լինի այնպիսի մթնոլորտ, որտեղ կլինի աշխատանքային բովանդակություն: Բոլորը պետք է զսպվածություն ցուցաբերեն ոչ միայն այս դեպքին, այլև առհասարակ»,- եզրափակեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս