«Հայտարարում են, թե պետք է իրականացնեն տնտեսական հեղափոխություն, բայց ամբողջ ծանրությունը թողնում են ժողովրդի վրա». Գագիկ Ծառուկյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վատ է վերաբերում որոշ ծննդատների փակմանը և այն, ինչ անում է կառավարությունը, ըստ նրա՝ «անելու բան չէ»: «Մենք այսօր ուզում ենք, որ ներգաղթ, տնտեսական հեղափոխություն լինի: Ճիշտ չէ, որ 30-35 գյուղին սպասարկում է մեկ բժշկական կենտրոն, հակառակը պետք է լինի. ծննդատները պետք է պահեն ու զարգացնեն, անելու բան չէ, որ հիմա անում են»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:
Անդրադառնալով սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելու մասին նախագծին, Գագիկ Ծառուկյանը նշեց. «Հայտարարում են, թե պետք է իրականացնեն տնտեսական հեղափոխություն, բայց ամբողջ ծանրությունը թողնում են ժողովրդի՝ ֆերմերների, գյուղացու վրա: Մարդն իր անասունը պետք է բարձի, տանի սպանդանոց և դրա համար գումար վճարի, դա նշանակում է, որ անասունի վաճառքից ստացվող գումարի կեսը պետք է դուրս տա: Դրա համար ցանկացած երկրում գյուղատնտեսության համար պետությունը սուբսիդավորում է հատկացնում, մարդը մի քանի կով ունի՝ համարում են ֆերմեր, բայց նա կով է պահում գոյատևության համար: Այսօր մեկ շիշ ջուրը արժե 200 դրամ, իսկ կաթն ավելի մատչելի է վաճառվում»,- շեշտեց Գագիկ Ծառուկյանը:
Նա նաև ընդգծեց, որ իր անվան հետ փոխկապակցված 30-ից ավելի ընկերություններում ստուգումներ են իրականացվում, որոնք ստուգել են նախկինում ևս:
«Ստուգում են, թող ստուգեն, ինչ անենք»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է խորհրդարանական արտահերթ հնարավոր ընտրությունների անցկացմանը, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ընտրությունների փոխարեն պետք է արտադրություն զարգացնեն, աշխատեն.«Թե չէ, որ հաջորդ խորհրդարանը եկավ, ոչինչ չի փոխվելու, պետք է աշխատանք կազմակերպվի, աշխատանքն արդյունավետ լինի, ներդրումներ կատարվեն»,- եզրափակեց նա:
Մանրամասներ՝ 168.am-ի տեսանյութում