Ռուս ուղղափառ եկեղեցին Գյումրիում հերթական անգամ նշեց Քրիստոսի Մկրտության տոնը
Գյումրիում հունվարի 18-ին երեկոյան Ռուս ուղղափառ եկեղեցին հերթական անգամ նշեց Քրիստոսի Մկրտության տոնը: Մեծ ջրօրհնեքը, որը նվիրված է Փրկչի մկրտության հիշողությանը, ուղղափառ տաճարներում կատարվում է հունվարի 18-ին և 19-ին: Այս օրերին օրհնվում են նաև լճերի ու գետերի ջրերը` ի հիշատակ Աստծո հայտնության: Ջրում 3 անգամ ընկղմվելով՝ մարդիկ ազատվում են մեղքերից։ Օրվա խորհրդով պայմանավորված՝ ջրի օրհնությունը տոնի նախօրեին կատարվում է եկեղեցիներում, մկրտության օրը՝ գետերում և լճերում։ Բացի մկրտության լողից, հավատացյալները խմում են մկրտության ջուրը` հոգևոր ուժ ու առողջություն ստանալու համար, նաև այն ցողելով իրենց տներում՝ մաքրագործում են դրանք:
Վերջին տարիներին Գյումրիում ռուսական համայնքի ներկայացուցիչները տոնի մեկնարկն ազդարարում են «Չերքեզի ձորում»:
ՌԴ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի Սբ Ալեքսանդրիա եկեղեցու ավագ քահանա Արտեմի Էմկեի ձեռամբ «Չերքեզի ձոր» կոչվող տարածքում հատուկ ավազանների ջուրն օրհնելուց ու կարգ կատարելուց հետո բոլոր ցանկացողներին ավազան մտնելու հնարավորություն տրվեց: «Սուրբ ջուր պետք է մտնել աղոթքով ու հավատով: Պետք է հիշել, որ ջրավազան մտնելը հոգու մաքրության պարտք է»,- իր խոսքում նշեց Հայր Արտեմին: