Բարբարա Բրոքոլին բացառել է Ջեյմս Բոնդի դերում կնոջ հայտնվելը
Բրիտանական հետախուզության գործակալ Ջեյմս Բոնդը արական սեռի հերոս է, որին կին չի մարմնավորելու: Այդ մասին հայտարարել է բոնդապատումի պրոդյուսեր Բարբարա Բրոքոլին Variety հանդեսին տված հարցազրույցում։
Բրոքոլին հերքել է այն լուրերի հերթական ալիքը, որ ապրիլին «Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո դերասան 007 գործակալի դերում Դենիել Քրեյգի տեղը բաժին կհասնի կնոջ: «Բոնդը կարող է լինել ցանկացած ռասայի, բայց նա տղամարդ է»,-ընդգծել է պրոդյուսերը: «Ես կարծում եմ, որ մենք պետք է ստեղծենք նոր կին հերոսներ՝ ուժեղ բնավորությամբ անհատականություններ»,-հավելել է նա:
Բրոքոլին խոստովանել է, որ անձամբ իրեն չի ոգեւորում 007 գործակալի դերը կնոջ հանձնարարելու գաղափարը: «Ես կարծում եմ, որ կանայք ինքնին անհամեմատ ավելի հետաքրքիր ենք, քան այդ հերոսը»,-պարզաբանել է նա:
007 գործակալի արկածների մասին առաջին ֆիլմը, որը կրել է «Դոկտոր Նոու» անվանումը, էկրան է բարձրացել 1962 թվականին: Ներկայում բոնդապատումի վերջին սերիան՝ ռեժիսոր Սեմ Մենդեսի «007. ՍՊԵԿՏՐ»-ը (2015 թ.), համաշխարհային վարձույթում վաստակել է ավելի քան 880 մլն դոլար: Կինոշարքի ընդհանուր դրամամուտքերը գերազանցում են 10 մլրդ դոլարը:
Բացի Քրեյգից, տարբեր ժամանակներում 007 գործակալների դերում մեծ էկրանին եղել են Շոն Քոներին, Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը (1927-2017 թթ.), Թիմոթի Դալթոնը եւ Փիրս Բրոսնանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: