Սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան այն մարդիկ, որոնք աշխատունակ չեն և ունեն սահմանափակումներ. ՀՀ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն համոզմանն է, որ Հայաստանում պետք է ներդրվի սոցիալական ապահովության նոր համակարգ։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետը՝ հիշեցնելով այդ նպատակով երեկ կառավարության անդամեների հետ տեղի ունեցած քննարկումը։
«Մենք քննարկում ենք ունեցել սոցիալական ապահովության նոր համակարգի ներդրման վերաբերյալ։ Գիտեք, որ մեր Կառավարությունն այս հարցը դրել է ձևավորման առաջին օրվանից։ Մենք տեսնում ենք խնդիր, որ գործող սոցիալական աջակցության համակարգը մարդկանց տնտեսական ակտիվության չի դրդում, ուստի երեկվա քննարկումներից հետո կարող ենք արձանագրել, որ կոնկրետացրել ենք մեր հայեցակարգային մոտեցումները մեր անելիքների վերաբերյալ»,- ասաց վարչապետը։
Ըստ նրա՝ արձանագրել են, որ սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան այն մարդիկ, որոնք աշխատունակ չեն և ունեն սահմանափակումներ, իսկ այն մարդիկ, որոնք աշխատունակ են, նրանց նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի այնպիսին, որ Կառավարությունը նրանց համար պայմաններ ստեղծի, որպեսզի նրանք ավելի շատ շահագրգռված լինեն աշխատել։
«Առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան այն ընտանիքները, որտեղ երեխաներ կան։ Առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան նաև մարդկանց կրթական ծրագրերը, պետք է ուշադրություն դարձնենք նրան, որ երեխաները ստանան կրթություն և մասնագիտական հմտություններ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։