«Երեկ ես կովերի հետ դաշտում շրջում էի գյուղում, իսկ այսօր մարզում եմ աշխարհի լավագույն խաղացողներին»․ «Բարսելոնայի» նոր մարզիչ
Կիկե Սետյենը պաշտոնապես «Բարսելոնայում» է, պայմանագիրը՝ 2,5 տարի ժամկետով: Սա կարծես կատարյալ համադրություն է. երկրպագուները ուրախ են, որ Վալվերդեն վերջապես աշխատանքից հեռացվեց, իսկ մարզիչը հիանում է Կրոյֆով և խաղի շեշտը դնում է կարճ փոխանցումների վրա։
Առաջին մամուլի ասուլիսում Կիկեն շնորհակալություն հայտնեց իր նախորդին, խոսեց «Բարսայի» փիլիսոփայության և Մեսսիի հանճարեղության մասին:
«Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Էրիկ Աբիդալին և Ռամոն Պլանեսին` այստեղ գտնվելու հնարավորության համար: Նույնիսկ իմ ամենահամարձակ երազներում ես չէի պատկերացնում դա: Ես բավականին հուզական անձնավորություն եմ, և այսօր ինձ համար առանձնահատուկ օր է:
Երեկ ես կովերի հետ դաշտում շրջում էի գյուղում, իսկ այսօր աշխատում եմ «Բարսելոնայում» և մարզում եմ աշխարհի լավագույն խաղացողներին: Դա ինձ համար ամենակարևորն է»:
- Զարմացել է, որ իրեն են ընտրել:
Սետյենը խոստովանում է, որ առաջարկի մասին մտածել է ոչ ավելի, քան 5 րոպե, բայց դա ընդհանրապես չէր սպասում:
«Միակ բանը, որին ես հասել եմ, այն է, որ իմ նախորդ թիմերը լավ ֆուտբոլ էին խաղում: Չգիտեմ` սա որքանո՞վ էր բավարար ինձ հնարավորություն տալու համար: Բայց ես շնորհակալ եմ»:
- Շնորհակալ է Վալվերդեին:
«Հազվադեպ է, որ մարզիչները աշխատանքից հեռացվում են այն իրավիճակներում, երբ թիմն առաջին տեղում է: Ես գիտեմ, որ Վալվերդեն հիանալի անձնավորություն է, ես արդեն խոսել եմ նրա հետ: Ես գնահատում եմ այն ամենը, ինչ նա արեց: Ես կփորձեմ կապ հաստատել նրա հետ»:
- Արդեն զրուցել է խաղացողների հետ:
Սետյենն անցկացրեց առաջին ուսումնամարզական հավաքը և մի քանի բառ փոխանակեց խաղացողների հետ: Հիմնական բանը, որ նա ասաց․ «Մի կորցրեք ձեր տրամադրությունը և մի՛ պարտվեք հանդիպումները, ինչպես դա եղավ «Ատլետիկոյի» հետ սուպերգավաթային խաղում։
Սրանք պարզապես խոսքեր են: Բայց ես համոզմունքներ ունեցող մարդ եմ. ես ունեմ կյանքի հստակ գաղափար և շատ պարզ գաղափարներ: Ես լսում եմ բոլորի կարծիքը, բայց ես պաշտպանում եմ իմ սեփականը: «Բարսան» պետք է գնա իր ճանապարհով: Եթե մենք պետք է մահանանք դա պաշտպանելու համար, մենք կմեռնենք»:
Սիրարփի Աղաբաբյան