«Չեմ հավատում, որ այս գործը կարող է մտնել դատարան. որոշակի ինֆորմացիայի եմ տիրապետում». Հովհաննես Խուդոյանը՝ Արմեն Թավադյանին առաջադրված մեղադրանքի մասին

«Բողոքարկել ենք Արմեն Թավադյանին կալանավորելու և ձերբակալելու վերաբերյալ միասնական դատական ակտը: Տեղեկացված ենք, որ առաջին ատյանից գործը փոխանցվել է Վերաքննիչ դատարան, չնայած այդ գործողությունը, որը ենթադրում է մեկ հատոր նյութերի ֆիզիկական տեղաշարժ Կենտրոն նստավայր, կատարվել է 1-2 ժամի փոխարեն՝ շուրջ 1 շաբաթվա ընթացքում: Ակնկալում ենք, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում կնշանակվի քննություն»,- անդրադառնալով «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործի ընթացքին՝ այսօրվա ասուլիսում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ Վերաքննիչ քրեական դատարանում հնարավոր է քննվի նաև խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու հարցը:

168.am-ի հարցին, թե արդեն գործը որևէ դատավորի մակագրվա՞ծ է, փաստաբան Հովհաննես Խուդոյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ իրենք դիմել են նաև Վերաքննիչ քրեական դատարանի նախագահին՝ գործը դատավորին մակագրելու գործընթացում ներգրավվելու խնդրանքով: Ըստ պաշտպանի՝ մակագրման գործում ներգրավվածությունը մակագրման գործընթացի թափանցիկության հնարավորություն կտա:

Մեր հարցին, թե արդյո՞ք պաշտպանը Արմեն Թավադյանից առգրավված 70-80 հազար դոլար գումարի հետվերադարձման համար դատական որևէ գործընթաց սկսել է, Խուդոյանը պատասխանեց, որ այդ հարցով երկու ընթացակարգ կա, որոնք պատրաստվում են կիրառել:

Նախ՝ կմիջնորդեն քննիչին, որ այդ միջոցները, որոնք կապված չեն գործի հետ՝ վերադարձվեն: Մյուս ճանապարհը խուզարկման ու առգրավման պրոցեսի բողոքարկումն է:

Փաստաբանը նաև ասաց, որ այս հարցով խոսել են դատախազության ներկայացուցիչների հետ:

Այս ընթացքում նաև մասնակի վերացվել է տեսակցութունների արգելքը, ու Արմեն Թավադյանի ընտանիքի անդամները կարողացել են տեսակցել նրան:

Հայտնի էր, որ Արմեն Թավադյանը հրաժարվել է ցուցմունք տալ: Հովհաննես Խուդոյանից հետաքրքրվեցին՝ արդյոք այդ գործընթացում փոփոխություն տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ:

«Ցանկացած դեպքում, երբ խոսք է գնում Հատուկ քննչական ծառայության հետ համագործակցելու մասին, և՛ իմ բոլոր վստահորդներն են նման դիրքորոշում հայտնում, և՛ իմ խորհուրդն է՝ չհամագործակցել, որովհետև վերջին երկու տարում մենք տեսնում ենք, որ այնտեղ իրավաբանությունը բացակայում է, և ցանկացած տվյալ, որը ներկայացվում է Հատուկ քննչական ծառայությանը, օգտագործվելու է ի վնաս անձի: Ֆիլմերից գիտեք, երբ անձին ձերբակալում են, ծանուցում են, որ «ինչ-որ ասեք, կարող է օգտագործվել Ձեր դեմ», մեր դեպքում «ինչ-որ կասեք, օգտագործվելու է Ձեր դեմ» ծանուցումն է: Ու ցանկացած արտահայտություն, որը կարելի է օգտագործել հօգուտ անձի, ՀՔԾ-ն մեկնաբանելու է՝ ի վնաս անձի»,- ասաց Խուդոյանը՝ նշելով, որ նման պարագայում որևէ համագործակցություն բացառում են, չնայած Արմեն Թավադյանը ներկայանում է ցանկացած գործողության, որին հրավիրվում է, բայց նաև օգտվում է ցուցմունք չտալու իր իրավունքից:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ որպես իրավաբան՝ չի հավատում, որ այդ գործը մի օր կարող է մտնել դատարան: Նա ասաց, թե տիրապետում է որոշակի ինֆորմացիայի, որը, նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չի կարող բացահայտել, բայց, կարծում է, որ այս գործը դատարան չի մտնի:

Հիշեցնենք, որ  «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում: Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով:

Արմեն Թավադյանը ձերբակալվել է դեկտեմբերի 24-ին: Նա դատարանի որոշմամբ կալանավորվեց դեկտեմբերի 26-ին:

Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդել էր գլխավոր դատախազին Արմեն Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ: Դատախազությունը, սակայն, մերժել է:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս