Բաժիններ՝

Ռոմանոս Պետրոսյանն ու Արսեն Թորոսյանն այսօր քննարկում կունենան

Երեկվանից Եղվարդ համայնքի հիվանդանոցի բուժաշխատողները և Եղվարդի բնակիչները սկսել են բողոքի ակցիաներ՝ ընդդեմ համայնքի ծննդատան փակման։ Այսօր վաղ առավոտից մեկնարկած ակցիայի մասնակիցները պահանջում էին հանդիպում Կոտայքի մարզպետի կամ Առողջապահության նախարարի հետ։

Վերջիններս նշում են, որ 18 համայնք սպասարկող Եղվարդի ծննդատան գործունեության ողջ ընթացքում այս կենտրոնում չի արձանագրվել որևէ ծննդկանի կամ նորածնի մահ, իսկ եթե նախարարությունը հիմնավորում է, թե ծննդատունը հագեցած չէ համապատասխան բուժսարքավորումներով, կամ չկան անհրաժեշտ մասնագետներ, ապա այդ խնդիրներին պետք է տալ լուծումներ։

168.am-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ եղվարդցիների բարձրաձայնած հարցերի հետ կապված այսօր քննարկում է ունենալու Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։

«Կհանդիպեմ՝ ինչպես Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, այնպես էլ՝ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Նախարար Արսեն Թորոսյանի հետ Եղվարդ համայնքում ծննդատան խնդիրը կքննարկվի առաջնահերթ։ Նշեմ, որ որքան էլ ես կիսեմ Կառավարության դիրքորոշումը, միևնույն է, ունեմ մտահոգություններ, որոնց մասին կբարձրաձայնեմ։ Մի բան, թերևս, կարող եմ այս պահին վստահեցնել՝ քաղաքացու շահն ինձ համար լինելու է դոմինանտ»,- ասաց  Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ այսօր արդեն մարզպետարանի աշխատակիցները հանդիպում են ունեցել Եղվարդի բժշկական կենտրոնի տնօրենի հետ։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետևանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։ Ըստ այդ որոշման՝ ծննդատների ծնունդների թիվը պետք է հասնի 150-ի, և 150-ից պակաս լինելու դեպքում ծննդատները փակվելու են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս