Քննչականին չի հաջողվում Ռուբեն Հայրապետյանի գործը «գլուխ բերել». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ ամիս է, ինչ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Սակայն հետաքրքիրն այստեղ այն է, որ այս ընթացքում Հայրապետյանի նկատմամբ քննչական գործողություններ չեն իրականացվել։

Քննչական կոմիտեից մեր հարցին ի պատասխան ասացին՝ Հայրապետյանը չի հարցաքննվել, չեն կարող ասել՝ երբ են կանչելու հարցաքննության։ Նաեւ փոխանցեցին՝ այս գործով նոր մեղադրյալներ չկան։

Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց՝ ենթադրություններ ունեն, թե ինչու Քննչական մարմինը չի հրավիրում հարցաքննության. «Ենթադրություններ ունենք, որոնք չեմ ցանկանա բարձրաձայնել»։

Հարցին՝ գործը կարճվելու ենթադրություն ունե՞ն, պատասխանեց․ «Գործը, որ կարճվելու է, մենք կասկած չունենք, դա ենթադրություն չի, որովհետեւ այն, ինչում առերեւույթ մեղադրվում  է պարոն Հայրապետյանը, իրականության հետ աղերս չունի։ Մեր խոր համոզմամբ՝ դա բացառապես ժամանակի հարց է»։

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով. 315-րդ հոդվածի 2-րդ մաս (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մաս (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2–րդ մաս (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) և 214-րդ հոդվածի 2-րդ մաս  (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը):

Հիշեցնենք` նոյեմբերի 13-ին Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել Ռուբեն Հայրապետյանի առանձնատանն ու նրան պատկանող այլ շինություններում։ Մինչ այդ ոստիկանությունը հայտնել էր, որ ՀՖՖ նախկին նախագահին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր են  նախապատրաստվում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս