Բաժիններ՝

ՊԵԿ-ը քննարկում կանցկացնի՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է կատարել ՀԴՄ-ի հետ կապված վարչապետի հանձնարարականը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ մեքենաների մաքսազերծումը դարձրել են շուրջօրյա, և այդ ռեժիմը գործել է մինչև դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամը 23։00-ն. որևէ մեքենա չի մնացել, բոլորը հասցրել են մաքսազերծել։

«Հունվարին մենք ունենալու ենք նաև շուրջ 4700 մեքենա։ Այս տարի հունվարի 1-ից վերացել է մեր այն բացառությունը, որ մենք վերցրել էինք հինգ տարի առաջ։ Մեր կանխատեսումներով, մեքենաների որոշակի ծավալներ պահպանվելու են, բայց մեր հայրենակիցների այդ բիզնես մտադրություններն այդ ծավալներով չեն պահպանվելու, քանի որ տնտեսագիտության տեսանկյունից խելամտություն չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Դավիթ Անանյանը։

Անդրադառնալով Կառավարության նիստի ժամանակ տրված վարչապետի հանձնարարականին, որ քաղաքացիների տեսանկարահանման պարագայում ևս պետք է գնալ և պատժել ՀԴՄ կտրոն չտրամադրողներին, ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ երկու օրից ՊԵԿ-ում այդ թեմայի հետ կապված քննարկում է տեղի ունենալու, որին հրավիրել են հարկ վճարողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հ/կ-ների։

«Պետք է տեսնենք, թե վարչապետի հանձնարարականը, որն ըստ էության զուգահեռ էր ոստիկանության կողմից իրականացվող գործիքակազմի հետ, ինչպես կարելի է իրականացրել՝ անձնական տվյալների հետ կապված խնդիրները հաղթահարելու հետ մեկտեղ»,- շեշտեց Դավիթ Անանյանը։

Հարցին՝ բյուջեի մասին օրենքով, 2019 թվականին տարեկան եկամուտները պետք է կազմեին 1 տրիլիոն 539 միլիարդ դրամ, մինչդեռ հունվար-նոյեմբերին եղել է 1 տրիլիոն 319 միլիարդ դրամ, արդյո՞ք սա չի նշանակում, որ բյուջեն ոչ թե գերակատարվել է, այլ թերակատարվել, Դավիթ Անանյանը պատասխանեց.

«Երբ մենք 2019 թվականի ընթացքում ասում ենք, որ գերակատարվելու հստակ ազդակներ կան, նաև որոշակի ծախսային ծրագրերի կամ ծախսային հոդվածների կատարման առումով  որոշակի վերապահումներ կան, Կառավարությունը որոշում է  փոփոխել իր ծրագրային ցուցանիշը՝ Կառավարության որոշումներով։

Վերջնական թիվը, համենայնդեպս, դեռ հրապարակված չէ, մեր գործընկերները կհրապարակեն, բայց շուրջ 80-85 միլիարդով վերանայվել է եկամուտների պլանը։ Կարևորն այն է, որ Կառավարությունն ինքն է իր կամքով ստանձնել որոշակի ծախսեր կատարելու պարտավորություն, մենք ստանձնել ենք 56 միլիարդ հին պարտք վերադարձնելու պարտավորություն, որը մեր ցուցանիշը նվազեցրել է 43 միլիարդով։ Եթե սա մենք հաշվի չառնենք, ապա ցանկացած ցուցանիշ մենք գերակատարել ենք, ավելի լավ է «թերակատարում» ունենանք, բայց տնտեսությանը իրական օգուտ տանք»։

Ըստ ՊԵԿ նախագահի, իրենց կանխատեսումները, եկամուտների և ծախսային ծրագրերի կատարման  որոշակի վերապահումները Կառավարությունում թույլ են տվել ՊԵԿ-ին հավասարաչափ ճշգրտելու եկամուտների և ծախսերի ցուցանիշները։

«Ճշգրտված ցուցանիշներն այս պահին ես չունեմ, քանի որ մեր գործընկերներն այն դեռ կհրապարակեն։ Բայց կրկնեմ, որ ՊԵԿ-ին չի հետաքրքրում ճշգրտված ցուցանիշը, քանի որ ճշգրտումներ կատարում է Կառավարությունը՝ իրական կյանքից ելնելով»,- եզրափակեց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս