«Ա1+» հեռուստաընկերության հայցն ընդդեմ ՀՀ կառավարության վարույթ է ընդունվել

2019թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել «Ա1+» հեռուստաընկերության հայցն ընդդեմ ՀՀ կառավարության, որով հեռուստաընկերության անունից ՄԵԼՏԵՔՍ ՍՊԸ-ն պահանջում է առոչինչ ճանաչել 2003 թվականին կայացված 7 մրցույթի որոշում, ինչի արդյունքում «Ա1+» հեռուստաընկերությունը չի կարողացել թողարկման լիցենզիա ստանալ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով` «Ա1+» հեռուստաընկերության հարցը բարձրացվել է միշտ, ու պայքարը հեռուստաընկերության իրավունքների համար երբեք չի դադարել:

«Սա ոչ թե քաղաքական մոտեցում է, այլ արդարության վերականգնմանն ուղղված շատ կարևոր քայլ է: Լիահույս ենք, որ փոփոխված պայմաններում դատարանները կարող են անկաշկանդ որոշում կայացնել: Նախորդ տասնամյակներում դա ակնկալելը շատ բարդ էր, քանի որ  «Ա1+»-ը եթերազրկվեց հենց քաղաքական դրդապատճառներով, և որևէ դատարան այն ժամանակ նման անկաշկանդ որոշում չէր կարող կայացնել: Հիմա շատ բարենպաստ պայմաններ են»,- ասաց Աշոտ Մելիքյանը՝ պնդելով, որ այստեղ զուտ իրավական արդարության հարց կա:

Փաստաբան Արա Ղազարյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ իրենք պահանջում են ոչ թե անվավեր, այլ առոչինչ ճանաչել այդ 7 ակտերը: Առոչինչ ճանաչելը նշանակում է, որ անգամ օրենքի կիրառության նպատակն է եղել ոչ իրավաչափ:

Արա Ղազարյանի խոսքով՝ այդ 7 ակտի նպատակը ոչ թե վարչարարությունն է եղել կամ հեռարձակման ոլորտի բարելավումը, այլ դրանք հետապնդել են քողարկված քաղաքական օրակարգ, ու ցանկանում էին թույլ չտալ «Ա1+»-ին եթեր վերադառնալ, քանի որ անկախ հեռուստաընկերություն էր, հետևաբար՝ պետք է առոչինչ ճանաչվեն:

«Մեզ նույնիսկ պետք չէ ապացուցել դատարանում, որ այդ ակտերը առոչինչ էին, որովհետև հանրորեն հայտնի փաստ է, որ «Ա1+»-ը եթերազրկվեց ոչ թե նրա համար, որ մրցութային փաթեթը չէր համապատասխանում օրենքի պահանջներին, այլ չհաղթեց զուտ նրա համար, որ նա «Ա1+»-ն էր»,- ասաց փաստաբան Արա Ղազարյանը:

Նկատենք նաև, որ վարչական ակտերն առոչինչ ճանաչելու պահանջի նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն տարածվում, ժամկետային սահմանափակում չկա:

Փաստաբան Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե իրենց պահանջի բավարարումն ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել, որովհետև 2003 թվական վերադառնալն ու այդտեղ որևէ բան փոխելն անհնար է:

Փաստաբանի խոսքով, այսօր իրենց առաջնային քայլը դատարանի՝ այդ որոշումներն առոչինչ ճանաչելու մասին որոշում ստանալն է: Հենց այդ որոշումը հնարավորություն կտա արձանագրել, որ տեղի է ունեցել խախտում: Եթե դատարանն արձանագրի, որ տեղի է ունեցել խախտում, հաջորդ քայլով հայցվոր կողմը արդարացի փոխհատուցման պահանջ կներկայացնի:

«Ի վերջո, այս պետությունն այդպես էլ ներողություն չի խնդրել «Ա1+»-ից՝ անկախ նրանից՝ իշխանափոխություն եղե՞լ է, թե՞ ոչ, որովհետև վարչական դատարանում սուբյեկտը մնում է պետությունը: Ներողություն խնդրելը նույնպես արդարացի փոխհատուցում է»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ արդարացի փոխհատուցում կարող է լինել դրամական փոխհատուցումը, «Ա1+»-ի վերադարձի համար պայմաններ ապահովելը կամ օրենսդրական փոփոխություն իրականացնելը:

«Մենք ուզում ենք, որ «Ա1+»-ն այլևս երբեք չանվանվի «թույլիկ»: Նա «թույլիկ» չէր, ուղղակի նա 2003 թվականին այլ կերպ էր մտածում ու գործում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ սա օրվա իշխանությունների համար մեսիջ է՝ անցյալ վերադառնալու և նորից սկսելու, քանի որ հենց նոր իշխանություններն են  հայտարարել, թե իրենք հաճախակի են վերադառնալու անցյալին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս