Բաղդադում «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» գեներալ է սպանվել. Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է վրեժ լուծել գեներալ Սուլեյմանիի սպանության համար
Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության համար:
«Դաժան վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերին մնացել է նրա արյունը, ինչպես նաև այլ նահատակների արյունը»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է Խամենեիի հայտարարության մեջ:
Վերջինս եռօրյա սուգ է հայտարարել երկրում՝ գեներալի մահվան կապակցությամբ:
«Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Քասեմ Սուլեյմանին սպանվել է հունվարի 2-ի երեկոյան: Նրա հետ միասին սպանվել են Իրաքի շիա աշխարհազորայինների մի քանի առաջնորդներ:
Պենտագոնից հայտարարել են, որ հարվածը Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համաձայնությամբ: Սպանված Սուլեյմանիին Վաշինգտոնում մեղավոր են համարում Իրաքում ԱՄՆ դեսպանատան և կոալիցիայի բազայի դեմ իրականացված հարձակումների համար:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը գեներալի սպանությունն անվանել է «միջազգային ահաբեկչության ակտ»:
Բաղդադում իրանցի գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:
Թարգմանությունը՝ tert.am-ի: