Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրած «ռեկորդային» ցուցանիշների մասին

Այս տարին մենք փակում ենք բավականին լավ տրամադրությամբ։ Այս մասին այսօր Կառավարության նիստի մեկնարկին՝ նախքան օրակարգային հարցերի քննարկումը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ Ազգային վիճակագրության կոմիտեն հրապարակել է նոյեմբեր ամսվա և 11 ամիսների տնտեսական ցուցանիշները։ Պետք է արձանագրել, որ նոյեմբեր ամիսը տնտեսական հաջողությունների առումով ռեկորդային է 2019 թվականի համար։ Տնտեսական ակտիվության 10.1 տոկոս ցուցանիշ ունենք, ապրանքնրի արտահանման աճը կազմում է 25.7, առևտրի շրջանառության աճը՝ 11.9,  ծառայությունների ծավալը՝ 11.6, շինարարությունը՝ 4.8 տոկոսով։ Սրանք նոյեմբերի ցուցանիշներն են, իսկ 11 ամսվա արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշ 7.5 տոկոս է, արդյունաբերության աճը՝ 9.3, իսկ արտահանման աճը՝ 9 տոկոս։ Սրանք բավականաչափ լավ ցուցանիշներ են և ընդգծում են, որ այն գաղափարախոսությունը, որը մենք դրել ենք տնտեսական զագացման հիմքում, ռեալ աշխատում է Հայաստանում և սա շատ կարևոր արձանագրում է»,- ասաց  Կառավարության ղեկավարը, ապա՝ դիմելով  Էկոնոիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, խնդրեց այս ցուցանիշներին ավելացնել այլ ցուցանիշներ ևս։

Նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 11 ամսվա համար կոնյակի արտահանման  աճը կազմել է մոտ 27 տոկոս, ինչն, ըստ նրա՝ շատ կարևոր է, քանի որ այն ապահովում է նաև գյուղատնտեսության աճը, իսկ գինիների արտահանումը աճել է 50 տոկոսով, ինչն էլ «նոր զարգացում է մեր տնտեսության մեջ»։

«Նախորդ վերջին երկու տարիների ընթացքում որոշ զարգացման միտումներ նկատելի էին, բայց այս տարի ունենք 24 միլիոն դոլար ընդհանուր արժեքով գինիների արտահանում, որը 50 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա ցուցանիշը, շատ կարևոր է։ Մրգային գինիների աճը կազմում է 75 տոկոս։ Ունեցել ենք նաև բուսական ծագման արտադրանքի աճ՝ 18.5 տոկոսով, շատ մեծ աճ ունենք վարունգի և ելակի արտահանման ուղղությամբ։ Այս տարի աճ ենք արձանագրել նաև շոկոլադի արտադրանքի արտահանում՝ մոտովորապես  15 տոկոսով, որը նույնպես նոր զարգացում է մեր տնտեսության մեջ։ Տարին պետք է ամփոփենք 7.5 տոկոս տնտեսական աճով, իսկ արտահանման ծավալները՝ տարեկան 10 տոկոս։ 2020 թվական ենք մռտնում տնտեսական շատ լավ հիմքով»,- ասաց  նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս