
«Պարզվեց՝ տանիքն ընդհանրապես բանի պետք չէ. արդեն գետեր են հոսում». Մի խումբ արվեստագետներ էդուարդ Իսաբեկյանի թանգարանի հարցով դիմել են Քաղաքապետարան

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը կարծում է, որ արվեստանոցների հետ կապված օրենսդրական փոփոխություններ պետք է արվեն:
«Մինչ օրս չլուծված խնդիր ունենք, դա կարգավիճակ չունեցող արվեստանոցների հարցն է: Այսինքն՝ «արվեստանոց» բառը՝ որպես կարգավիճակ, մեր օրենսդրությունում չկա, և մենք հարկ ենք վճարում՝ որպես հասարակական օբյեկտ: Հարցը բարձրացվել է, և գործն ընթացքի մեջ է, բայց այն հարթ չի ընթանում: Մեր նկարիչների արվեստանոցների վրա տույժեր կան, որոնք վճարված չեն:
Լիահույս ենք, որ մինչև տարեվերջ հանդիպումը կկայանա, կպարզաբանվեն բոլոր հարցերը: Օրինակ՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում կան 1000-ից ավելի արվեստանոցներ, որոնք պետությունը տրամադրում է միության անդամներին, և նրանք ունենում են վայր, որտեղ կարողանում են ստեղծագործել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սուրեն Սաֆարյանը:
Հայաստանի նկարիչների միության նախագահի փոխանցմամբ՝ խնդիրներ կան նաև մշակութային տարբեր օջախների հետ կապված:
«Օրինակ, կուզեմ նշել նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի թանգարանը (Մաշտոցի 7ա շենք), որը շատ ծանր վիճակում է: Մի խումբ արվեստագետներ դիմել են Քաղաքապետարան, որպեսզի օր առաջ արձագանքեն, և լուծվի խնդիրը: Շատ մեծ ժառանգություն վտանգված է»,- նշեց Սուրեն Սաֆարյանը:
Միության վարչության անդամ, նկարիչ Արամ Իսաբեկյանն էլ հավելեց. «2013թ. շուքով բացվեց թանգարանը, բայց երեք տարի հետո պարզվեց, որ տանիքն ընդհանրապես բանի պետք չէ, իսկ հիմա արդեն գետեր են հոսում: Ջրահեռացման համակարգը չի աշխատում»:
Արամ Իսաբեկյանն ավելի վաղ Ֆեյսբուքի իր էջում թանգարանի վիճակը պատկերող լուսանկարներ էր հրապարակել՝ գրելով. «Սա այսօրվա վիճակի պատկերներն են Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահից. Ի՞նչ եք կարծում, էլ ի՞նչ պետք է պատահի, որ Երևանի քաղաքապետարանի ղեկավարները վերջապես անհանգստանան իրենց իսկ սեփականության համար, ազգային արժեք համարվող Իսաբեկյանի կտավների համար…»: