Թեհրանը և Մոսկվան պետք է կտրուկ աճի հասնեն տնտեսական հարաբերություններում. դեսպան Քազեմ Ջալալի
Թեհրանը եւ Մոսկվան պետք է կտրուկ վերելք ապահովեն տնտեսական հարաբերություններում, կողմերը մեծ ներուժ ունեն, սակայն տնտեսության բնագավառում կապերը պատշաճ մակարդակի վրա չեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի նորանշանակ դեսպան Քազեմ Ջալալին։
Քաղաքական ոլորտում Իրանի եւ Ռուսաստանի հարաբերությունները լավ մակարդակի վրա են, հավելել է դեսպանը, նշելով այն ուղղությունները, որոնցում կողմերին անհրաժեշտ է ավելին անել:
«Իսկ համագործակցության մյուս ուղղությունը տնտեսական սեկտորն է: Ապրանքաշրջանառության ծավալը երկու երկրների միջեւ մեծ չէ՝ 2 մլրդ դոլարից պակաս: Իմ կարծիքով՝ այդ ցուցանիշն անհրաժեշտ է մեծացնել»,-ասել է Ջալալին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում, նշելով, որ հարաբերությունները պետք է զարգացնել ռազմավարական ուղղություններում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը եւ Իրանը մեծ ներուժ ունեն տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու համար. իր տնտեսական պահանջմունքների զգալի մասն Իրանը կարող էր բավարարել Ռուսաստանի եւ այդ երկրից ներմուծման հաշվին այն դեպքում, երբ Իսլամական Հանրապետությունը նույնպես առաջարկելու բան ունի իր հյուսիսային հարեւանին, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանք:
«Տնտեսական ոլորտում, կարծում եմ, անհրաժեշտ է, որ մենք ջանանք ցատկ կատարել, հատկապես հաշվի առնելով այն, որ Իրանը համաձայնագիր է ստորագրել ԵԱՏՄ-ի հետ, եւ այդ համաձայնագիրը վավերացված է խորհրդարանի կողմից»,-ասելէ դեսպանը:
Ջալալին՝ Իրանի խորհրդարանի նախկին պատգամավորը, դեկտեմբերի 24-ին ժամանել է Մոսկվա՝ Իրանի դեսպանի պաշտոնում փոխարինելու Մեհդի Սանայիին, որն իր երկրի շահերը ներկայացնում էր 2013 թվականից: