Բաժիններ՝

Տոկիոյի խաղերին մոտենում եմ ավելի հասուն, ավելի լուրջ և ավելի մեծ փորձով. Արթուր Դավթյան

2020 թվականը մարզասերների և, հատկապես, մարզիկների համար առանձնահատուկ է: 4 տարի անց օլիմպիական գաղափարախոսությունը 3 շաբաթ շարունակ իր շուրջն է համախմբելու աշխարհի տարբեր երկրներից հազարավոր մարզիկների, ովքեր ձգտելու են լինել «ավելի բարձր, ավելի արագ և ավելի ուժեղ»: Հայաստանն այդ խաղում արդեն իսկ ունի մեկ անվանական մասնակից` մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արթուրը խոսել է Խաղերում իր շանսերի, ներկայիս վնասվածքի մասին և ամփոփեց 2019 թվականը:

-Արթուր, կպատմե՞ք, թե երբ եք սկսել պարապել մարմնամարզությամբ:

-Առաջին անգամ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց եմ եկել, երբ դեռ 5 տարեկան էի: Ինձ ստիպողաբար են բերել, չեմ ցանկացել հաճախել մարմնամարզության: 5 տարեկանում ամենահետաքրքիրը բատուտի վրա ցատկոտելն էր: Սակայն մարզաձևը, որպես այդպիսին, սկսեցի սիրել ավելի մեծ տարիքում: Երբ այն քեզ ավելի մոտ է լինում, ավելի հետաքրքիր, այդ ժամանակ արդեն սիրում ես:

-Ինչպիսի՞նն է մարմնամարզիկի առօրյան: Ունե՞ք, արդյոք, հատուկ օրակարգ:

-Մյուս մարզիկների առօրյայից գրեթե ոչնչով չի տարբերվում: Սովորաբար երկու մարզում եմ ունենում, սակայն այստեղ` այս դահլիճում, միայն մեկ անգամ, առավոտյան:  Օրվա ընթացքում էլ հիմնականում երեխաներն են մարզվում և որևէ գործիքի վրա հիմնավոր աշխատել չի լինում:

-Ամփոփելով 2019-ը. ինչպիսի՞նն էր այն ձեզ համար:

-Հաջող էր, միանշանակ: Մեզ համար կարևորագույն մրցաշարերում դարձա ոսկե մեդալակիր: Եվ  ոչ միայն ինձ համար էր հաջող անցնող տարին, այլ ամբողջ թիմի համար:  Ինձ չհաջողվեց Եվրոպայի առաջնությունում լավ հանդես գալ, սակայն հաջող էին Եվրոպական երկրորդ խաղերը, որտեղ ոսկե մեդալակիր դարձա: Իսկ աշխարհի առաջնությունում հաջողվեց Տոկիոյի 2020 թվականի խաղերի ուղեգիր նվաճել: Մարմնամարզության համար 2019-ը լավ տարի էր:

-Արթուր, գիտեմ, որ վնասվածք ունեք, վերականգնողական ի՞նչ փուլում եք:

-Հիմա բուժման կուրս եմ անցնում: Այդ պատճառով մարզումներս պակասեցրել եմ: Թեպետ մի քիչ դժվարությամբ է բուժումն առաջ գնում, սակայն լիահույս եմ, որ ժամանակ ունեմ և կհասցնեմ ամբողջապես ապաքինվել: Մինչև Տոկիո-2020-ը պետք է հասցնեմ լավանալ:

-Իրատեսորեն մոտենանք. հնարավո՞ր եք համարում Տոկիո-2020 խաղերին մեդալների համար պայքարը:

-Կարծում եմ, այո: Ունակ ենք պայքարելու: Եթե ինձ հաջողվի կրկնել նույն ցատկը, ինչ Եվրոպական խաղերում էր, ապա մեդալի մասին մտածել կարելի է: Սակայն սա սպորտ է, և անգամ փոքրիկ մանրուքը կարող է ազդել վերջնական արդյունքի վրա: Մարմնամարզությունում ամեն ինչ կախված է հենց այդ օրվանից, հենց այդ պահից: Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել եմ բազմամարտում, սակայն անիմաստ է այդ ձևում մրցելը: Ըստ ամենայնի, կփորձեմ ուժերս կամ հենացատկում, կամ նժույգաթափերում:

– Տոկիո-2020-ը կլինեն ձեր երրորդ Օլիմպիական խաղերը: Քառամյակի կարևոր իրադարձությանը ձեր անընդմեջ մասնակցությամբ, կարծեք, այն սովորական մրցաշարի եք վերածում:

-Կարող եմ ասել, որ Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերին ես շատ երիտասարդ էի և վնասվածք ունեի, իսկ Ռիոյի 2016 թվականի Խաղերում փոքրիկ վրիպումներ եղան: Հիմա պետք է, որ ստացվի: Տոկիոյի խաղերին մոտենում եմ ավելի հասուն, ավելի լուրջ և ավելի մեծ փորձով:

 – Ի տարբերություն մյուս հավաքականների, մարմնամարզության ընտրանին չափից ավելի միասնական է, կարծեք, մի ընտանիք լինի: Ինչի՞ց է դա:

-Ամեն ինչ գալիս է մեր մարզիչներից: Նրանց այդպես էն սովորեցրել, նրանք էլ մեզ են միասնական դարձնում: Նմանատիպ դահլիճ ունենալով՝ մեր գրանցած բոլոր արդյունքները մարզիչների նվիրված աշխատանքի արդյունք են:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս