Գալինա Վոլչեկը հոսպիտալացվել է ծանր վիճակում
ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, թատերական ռեժիսոր Գալինա Վոլչեկը Մոսկվայում հոսպիտալացվել է ծանր վիճակում: Այդ մասին հայտնել է Baza հրատարակությունը:
Հրատարակության տվյալներով՝ նրան հիվանդանոց են տեղափոխել դեկտեմբերի 23-ի երեկոյան շտապ օգնության ավտոմեքենայով: Նախնական տվյալներով՝ 86-ամյա Վոլչեկի մոտ սրտի խնդիրներ են:
Նշվում է, որ այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Mash տելեգրամ-ալիքն իր հերթին հայտնել է, որ ռեժիսորն ընկել է կոմայի մեջ:
«Սովրեմեննիկի» գրական մասի վարիչ Եվգենյա Կուզնեցովան ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Վոլչեկին տեղափոխել են Մոսկվայի Բոտկինի հիվանդանոց: «Գալինա Բորիսովնան հոսպիտալացվել է թոքերի հետ կապված խնդիրների պատճառով»,- ասել է նա:
Գալինա Վոլչեկը 1971 թվականին դարձել է «Սովրեմեննիկ» թատրոնի ռեժիսոր, իսկ այնուհետեւ դրա գեղարվեստական ղեկավար: Խաղացել է այնպիսի կինոնկարներում, ինչպիսիք են «Դոն Կիխոտ», «Զգուշացիր ավտոմեքենայից» եւ «Աշնանային մարաթոն» ֆիլմերը:
Այժմ Վոլչեկը չի նկարահանվում կինոյում եւ գործնականում չի խաղում թատերական բեմադրություններում: Շարունակում է աշխատանքը որպես թատերական ռեժիսոր եւ «Սովրեմեննիկի» ղեկավար: