Ընթացիկ տարում ունեցել ենք ոչ բարեխիղճ կապալառուներ, որոնց նկատմամբ որոշակի պատժամիջոցներ են կիրառվել. Սուրեն Պապիկյան
Պետությունը 2020 թվականին նախատեսում է նորոգել շուրջ 502 կմ ճանապարհ: Այս մասին իր տարեվերջյան ասուլիսում վստահեցրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա հիշեցրեց, որ դեռևս մայիս-հունիս ամիսներին ստանձնած 330 կմ ճանապարհի նորոգման դիմաց դեկտեմբերի 1-ի դրությամբ հասցրել են նորոգել, հիմնանորոգել շուրջ 360 կմ ճանապարհ։
«Սա նախարարության 2019-ի ձեռքբերումներից է: Այնուամենայնիվ, համակարգում կան բազմաթիվ խնդիրներ: Այս ճանապարհին ունեցել ենք թե նախորդ տարվանից, թե ընթացիկ տարում ոչ բարեխիղճ կապալառուներ, որոնց նկատմամբ որոշակի պատժամիջոցներ են կիրառվել: Եվ մեկ անգամ 12 կմ և 4 կմ երկարություն ունեցող երկու տարբեր օբյեկտների համար կապալառուները պարտավորություն են ստանձնել ևս մեկ շերտ ասֆալտ տեղադրել։ Դա կյանքի է կոչվել: 2020 թվականն այս ուղղությամբ շարունակելու է լինել հեղափոխական, որովհետև թե ստանդարտացման, թե որակի բարձրացման մեջ մեծ աշխատանքներ ունենք անելու»,- ասաց Պապիկյանը:
Նա տեղեկացրեց, որ բիտումի որակի բարձրացման նպատակով ՀՀ սահմանային անցակետերում կտեղադրվեն ստուգող լաբորատոր սարքավորումներ՝ Հայաստան բարձր որակի բիտում ներմուծելու նպատակով:
«2020-ին մենք պլանավորել ենք շուրջ 502 կմ ճանապարհ նորոգել: Եվ սա շարունակական է լինելու ՀՀ-ում, քանի որ մեր կառավարության ստանձնած պարտավորությունների շրջանակներում է նաև հանրապետության ճանապարհների 70 տոկոսը դարձնել բարվոք, անցանելի և արդիական»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով Հայաստանում ընդերքօգտագործման խնդիրներին՝ Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2019-ի վերջին 6 ամիսների ընթացքում դադարեցրել է ընդերքօգտագործման 21 իրավունք:
«Մեր նախարարության կողմից 2019-ին գրավոր զգուշացում է տրվել շուրջ 204 կազմակերպությունների, որոնց արդյունքում այս պահի դրությամբ շուրջ 501 մլն դրամ ապառք է վճարվել ՀՀ բյուջե: Խոսքը տարիներով կուտակված ապառքների մասին է: Եվ թվով 31 կազմակերպության նկատմամբ չվճարելու և այլ պատճառներով սահմանված կարգով ընթանում են իրավունքների կասեցման վարույթներ: Ես չեմ ուզում ընկալումն այնպիսին լինի, թե ՀՀ կառավարությունը պայքարում է ընդերքօգտագործողների դեմ, բայց Հայաստանում ընդերքօգտագործումը լինելու է բնապահպանության բարձր չափանիշերի ներքո, միևնույն ժամանակ՝ դա այն կարևոր ուղղություններից մեկն է, որն այսօր ՀՀ-ում մեծ ֆինանսական միջոցներ է ապահովում մեր բյուջեի համար: Այս տարի վերջին 6 ամիսներին մեր նախարարության կողմից դադարեցվել է շուրջ 21 ընդերքօգտագործման իրավունք»,- մանրամասնեց պատասխանատուն՝ հիշեցնելով, որ ընդերքօգտագործողները մեծ հարկատուների ցանկում առաջնայիններից են: