Այս դեկտեմբերին հրդեհների աննախադեպ քանակ է գրանցվել. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) երեկ հաղորդագրություն էր տարածել, որով քաղաքացիներին հորդորում էր խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները՝ խոտածածկ և անտառածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար:
Սոցիալական ցանցերում օգտատերերի ճնշող մեծամասնությունը լուրջ չէին ընդունել հաղորդագրությունը, ինչը բազմաթիվ կատակների պատճառ էր դարձել: Այնինչ, վերջին օրերին հրշեջ-փրկարարներն աշխատում են արտակարգ ռեժիմով՝ մեծածավալ հրդեհները մարելու համար:
168.am-ը կապ հաստատեց ԱԻՆ ՃԿԱԿ (Ճգնաժամային Կառավարման Ազգային կենտրոն) պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանի հետ՝ պարզելու համար այդ հաղորդագրությունն ուղարկելու պատճառը:
Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարվա դեկտեմբերին գրանցված հրդեհների թիվն աննախադեպ բարձր է:
Տեղումների բացակայության ու ջերմային ֆոնով պայմանավորված՝ ստեղծվել է հրդեհավտանգ իրավիճակ:
Եվ այսպես՝ 2018 թվականի դեկտեմբեր ամսին գրանցվել է 196 հրդեհի դեպք ընդհանուր 95 հա տարածք մակերեսով, որոնցից 17-ը անտառածածկ ու խոտածածկ տարածքներում:
Այս տարի՝ 2019-ին, մինչև դեկտեմբերի 23-ը գրանցվել է 239 դեպք, որոնցից 92-ը՝ խոտածածկ, անտառածակ և պտղատու այգիներում՝ 1145 հա շառավղով:
Ամենաշատը հրդեհներ գրանցվել են Լոռու, Տավուշի և Վայոց Ձորի մարզերում: Հետաքրքիր է, որ նախորդ տարի Վայոց Ձորի անտառածածկ-խոտածածկ տարածքներում ոչ մի հրդեհ չի գրանցվել, այնինչ այս տարի գրանցվել է 31 հրդեհ՝ 6.1 հա մակերեսով:
Լոռու մարզում 2018-ին գրանցվել է 11 հրդեհ, իսկ այս տարի՝ 29, Տավուշի մարզում նախորդ տարի մեկ դեպք է գրանցվել՝ 20 հա, այս տարի՝ 13 հրդեհի դեպք՝ 19 հա մակերեսով: Հրդեհների մարման գործընթացը տևել է ամենաշատը երկուսից երեք օր:
– Մնացած մարզերում գրեթե փոփոխություններ չեն նկատվել ոչ աճի, ոչ նվազման առումով՝ հիմնականում մեկ-երկուսի հարաբերակցությամբ է,- նշեց Ա. Մկրտչյանը:
ՃԿԱԿ պետի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ ամենամեծ տարածք ընդգրկող հրդեհը գրանցվել է Լոռու մարզում, որտեղ, ի տարբերություն անցած տարվա 45 հա-ի՝ այս տարի այրվել է 1100 հա տարածք:
– Հրդեհների առաջացման պատճառները շատ կարող են լինել, բայց հիմնական գործոնը մարդկայինն է: Մեկ սիգարետից էլ կարող է հրդեհ բռնկվել: Ավելի շատ մարդկային գործոնով ենք պայմանավորում, քանի որ եղանակն այնքան շոգ չէ, որ արևը դառնա հրդեհի առաջացման պատճառ: Տեղումները բացակայում են, խոնավություն չկա, ջերմային ֆոնն է բարձր՝ սրանք նպաստում են հրդեհների արագ տարածմանը: Քաղաքացիներին հորդորում ենք զգոն լինել հատկապես խոտածածկ և անտառածածկ տարածքներում,- նշեց Արսեն Մկրտչյանը:
Մեր զրուցակիցը նշեց նաև, որ այս պահին փրկարարներն աշխատում են Իջևանի անտառային տարածքի խոտածածկ մակերեսում բռնկված հրդեհը մարելու ուղղությամբ:
– Հրդեհի տարածքը մեծ չէ, անտառը չի վառվում, անտառում չորացած խոտածածկ տարածքն ու տերևներ են վառվում: Հրդեհը սկսվել է երեկ առավոտից ու դեռ չի մարվել: Պարզապես դեպքի վայր հասնելն է դժվարամատչելի, մոտեցման ուղիներ չկան: 21 հրշեջ-փրկարարները ոտքով են բարձրացել դեպքի վայր. նրանց հետ աշխատում է անտառտնտեսության 30 աշխատակից,- տեղեկացրեց Արսեն Մկրտչյանը:
Հայկանուշ Ալոյան