Բաժիններ՝

«Կառավարության նիստի մակարդակով բարձրացված այս աղմուկի իմաստը ո՞րն էր». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ո՞վ պետք է պատասխան տա այս ձախողումների համար: Իրավապահ մարմինների այս փնթիության պատասխանատուն ո՞վ է:

Եթե դատարանը ս.թ. դեկտեմբերի 10-ին ոչ իրավաչափ էր ճանաչել ՛՛Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի՛՛ տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի ձերբակալումը, իսկ այսօր արդեն մերժել է նրան կալանավորելու քննիչի միջնորդությունը՝ գտնելով, որ հիմնավորված չեն նրան կալանավորելու համար ներկայացված հիմքերը, ապա կառավարության նիստի մակարդակով բարձրացված այս աղմուկի իմաստը ո՞րն էր՝ գրեթե մեկ շաբաթ շարունակ հարյուր հազարավոր մարդկանց պահելով լարվածության ու հոգեկան հուզմունքի մեջ:

Չեմ ցանկանում մանրամասն անդրադառնալ ձերբակալման ոչ իրավաչափության և կալանավորման հիմքերի պայմաններին /Իրավաբանները շատ լավ կհասկանան, թե ինչի մասին է խոսքը/, քանի որ գոնե ինձ համար արդեն իսկ ակնհայտ է, թե ինչ կարգի անհիմն միջնորդություններ են ներկայացվել, որ դատարանն այսպիսի աղմկահարույց գործի պայմաններում այսպիսի որոշումներ է կայացրել:
Կարելի էր չէ՞ այս զգայուն ու աղմկահարույց գործի վերաբերյալ իրականացնել պրոֆեսիոնալ քննություն, ձեռք բերել մեղադրյալի կողմից նրա հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցություն, ինչպես նաև կանալավորումը հիմնավորելու համար այնպիսի հիմքեր, որ դատարանին այլ բան չմնար, քան բարարարել քննիչի միջորդությունը:
Ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե ով է Ռազմիկ Աբրահամյանը: Որևէ մեկը, այդ թվում և նա, եթե կատարել է որևէ հանցագործություն, պետք է պատասխան տա իր արածների համար, առավել ևս եթե հարցը վերաբերում է նորածին երեխաներին:
Ինձ ուրիշ հարց է անհանգստացնում:

Իսկ իրավապահ մարմինների այս փնթիության պատասխանատուն ո՞վ է: Ո՞վ պետք է պատասխան տա այս ձախողումների համար:
Մի քանի ամիս առաջ էլ Դուք նույն ոգևորությամբ հայտարարեցիք, թե բացահայտել եք մարտի 1-ի զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանությունը և ձերբակալեցիք 2008թ. ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալին:
Երկու ամիս անց անգամ նրա կալանավորումը երկարացնելու վերաբերյալ համապատասխան միջնորդություն չներկայացրեցիք և ազատ արձակեցիք:

Լա՛վ, ինչքա՞ն կարելի է տրվել էժան քարոզչությանը՝ առանց մտածելու, որ առհասարակ խարխլվում է դատաիրավական համակարգի նկատմամբ առանց այդ էլ ունեցած խիստ անբավարար վստահությունը:
Այս ամենը խոսում է մի բանի մասին, որ մեր երկրում գոյություն չունի քրեական քաղաքականություն, արդարադատության իրականացման ռազմավարություն, որ ամեն ինչ իրականացվում է պահի ազդեցության տակ՝ հիմնվելով այս կամ այն անձի պատկերացումներով ու ճաշակով…»,-գրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս