Ռինգում մենակ ես եմ, բայց բռնցքամարտը թիմային աշխատանք է պահանջում. Բաչկով
2019-ի կարևորագույն մարզական իրադարձություններից մեկը Եվրոպական երկրորդ խաղերն էին: Հայաստանի 5 ոսկե մեդալներից մեկը նվաճեց բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բաչկովն ամփոփեց տարին, խոսեց Տոկիոյի խաղերի հնարավորությունների մասին:
-Ինչպիսի՞ն էր անցնող 2019 թվականը:
-Չեմ կարող ասել, թե վատ տարի ստացվեց, բայց շատ լավ էլ չէր, քանի որ աշխարհի առաջնությունում գրավեցի միայն երրորդ հորիզոնականը: Թեպետ նախատեսել էի, որ կկարողանամ պայքարել ոսկե մեդալի համար: Պարզապես փոքր վրիպում ունեցա: Անցնող տարում միակ ցավալի իրադարձությունը հենց աշխարհի առաջնությունում բաց թողած ոսկե մեդալս էր:
-Եվրոպական երկրորդ խաղերում նվաճեցիք ոսկե մեդալ: Ինչպիսի՞ տպավորություններով եք հիշում այն:
-Ինձ համար դժվար ստացվեց հաղթանակն այս Եվրոպական խաղերում, քանի որ իմ հիմնական մրցակիցներից զատ, կար նաև Ֆրանսիան ներկայացնող մարզիկ, ով բավականին ուժեղ հակառակորդ է: Նա Եվրոպական խաղերին ներկայացել էր գործող աշխարհի չեմպիոնի տիտղոսով: Նախապատրաստական ամբողջ ընթացքում շեշտը դրել էինք նրա հետ մրցելու վրա: Թերություններ եղան Խաղերի ընթացքում, բայց ես ելույթս համարում եմ ստացված: Այդ պահին մեր խնդիրը ոսկե մեդալ նվաճելն էր, ինչին հասանք:
-Ի՞նչ սպասելիքներով եք մուտք գործում 2020 թվական, հատկապես որ այն օլիմպիական տարի է:
-Օլիմպիական խաղերն ինձ համար արդեն մի անգամ անհաջող դասավորվել են (Ռիո-2016- Հեղ.): Տոկիո-2020-ն ինձ համար կլինի ևս մեկ հնարավորություն դեպի իմ երազանքը: Եթե ամեն ինչ ընթանա այն հունով, ինչպես հիմա է, Աստծո առաջնորդությամբ ամեն ինչ շատ լավ կլինի: Դեպի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը տանող ճանապարհը մեծ թիմային աշխատանքի արդյունք պետք է լինի: Ռինգում մենակ ես եմ, բայց բռնցքամարտը թիմային աշխատանք է պահանջում: Հիմա ոչնչի կարիք չունեմ, ինձ մնում է միայն լավ նախապատրաստվել Խաղերին:
-Հովհաննես, եթե իրատեսորեն մոտենանք, որքա՞ն եք գնահատում ձեր շանսերը մեդալների համար պայքարում:
-Աշխարհի առաջնությունից առաջ AIBA-ի դասակարգման աղյուսակում երկրորդն էի, հետո դարձա երրորդը և հենց այդ հանգամանքը հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ մեդալի հավակնորդ եմ, բայց դա չի նշանակում, որ չպետք է շարունակենք աշխատանքը և բարելավենք ներկայիս արդյունքները:
-Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայի համար:
-Հիմա մրցաշարին մասնակցելու տեսանկյունից ինձ հանգիստ եմ տվել, մարզումները կվերսկսեմ հունվարից: Վերականգնողական շրջանում եմ: Ամանորի տոներից հետո կսկսենք նախապատրաստվել Տոկիո-2020-ի վարկանիշային մրցաշարերին: Ուրախ կլինեմ, որ Լոնդոնում կայանալիք առաջին վարկանիշային մրցաշարում նվաճեմ այդ բաղձալի ուղեգիրը:
-Դուք մտածո՞ւմ եք, արդյոք, սիրողական բռնցքամարտից հետո պրոֆեսիոնալ ռինգ մտնելու մասին:
-Այո, բավականին առաջարկներ ունեմ պրոֆեսիոնալ ռինգ մտնելու համար, բայց առայժմ մերժում եմ դրանք: Իմ գերնպատակն Օլիմպիական խաղերն են: Գուցե դեռևս վաղ է խոսել այդ մասին, բայց ուզում եմ ինձ փորձել պրոֆեսիոնալ ռինգում նույնպես:
-Ինչպե՞ս եք պատրաստվում անցկացնել տոները:
-Ինչպես միշտ` ընտանիքիս հետ, հարազատներով շրջապատված, Գյումրիում: Շատ եմ սիրում Ամանորի այս օրերը, քանի որ լավ եմ սնվում, իսկ ահա դրանից հետո սկսվում է նախապատրաստական փուլը, և քաշ գցելու կարիք կլինի:
-Շնորհակալ եմ զրույցի համար և հաջողություններ ձեզ:
Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի