«Կողմերը հրապարակեցին իրենց «Կարմիր գծերը»՝ դրանով վտանգի տակ դնելով բանակցային գործընթացը». Մալաշենկո
«Ներկայիս բանակցությունները կողմերից յուրաքաչյուրը կարող է մեկնաբանել այնպես, ինչպես ցանկանում է»,- «168 Ժամի» հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և հնարավոր զարգացումներին:
Հիշեցնենք, որ հանդիպումից օրեր անց ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նշել էր, որ սեղանին դրված է կոնկրետ փաստաթուղթ, և հանդիպման ընթացքում կոնկրետ և իրական հարցեր են քննարկվել՝ խուսափելով դա որակել՝ որպես բովանդակային բանակցություն: Մամեդյարովը հիշատակել է, այսպես կոչված, «Լավրովի պլանը», որը, նրա խոսքով՝ մշակվել է 2.5 տարի առաջ Մոսկվայում՝ եռակողմ հանդիպման ժամանակ: Ադրբեջանի ԱԳ նախարարը նորից ասել է, թե վերջին բանակցությունները Բրատիսլավայում կոշտ էին, կողմերը ներկայացրել են իրենց «կարմիր գծերը»՝ միաժամանակ նշելով, թե բանակցությունները պետք է շարունակել: «Եթե նույնիսկ պատերազմ լինի, այն հավերժ չի տևելու, և, այսպես թե այնպես, պետք է լինելու շարունակել բանակցությունները»,- հայտարարել է նա:
Էլմար Մամեդյարովի խոսքով՝ Բաքուն հայկական կողմին առաջարկում է «խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով»: Դեռևս Բրատիսլավայում կայացած բանակցություններից անմիջապես հետո Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Ադրբեջանը դիմել է համանախագահներին՝ անվտանգության բանաձև մշակելու խնդրանքով:
«Հայկական կողմը կարևորում է կարգավիճակը և անվտանգությունը: Բաքուն և համանախագահները հասկանում են, թե ինչ ասել է՝ կարգավիճակ, սակայն չեն հասկանում, թե ինչ ասել է՝ անվտանգություն, և հենց այս պատճառով դիմել են համանախագահներին՝ այդ անվտանգության բանաձևը մշակելու համար»,- նշել է Մամեդյարովը:
Հարցազրույցում նա նաև հայտարարել է, թե Ղարաբաղի հայկական բնակչությունը նույնպես իրենց քաղաքացիներն են, և Բաքուն պատրաստ է ապահովել Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը ևս: Հայկական կողմն իր հերթին՝ հերքեց որևէ պլանի առկայությունը բանակցային սեղանին: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել էր, թե չգիտի՝ ինչ նկատի ունի ադրբեջանական կողմը:
Ալեքսեյ Մալաշենկոյի դիտարկմամբ՝ վերջին տարիներին տարբեր առիթներով խոսվել է ռուսական առաջարկների առկայության մասին, այդ թվում՝ արևմտյան համանախագահների կողմից, ինչը նշանակում է, որ դրանք ունեցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությունը, այսինքն՝ եղել են կոնսենսուսային առաջարկներ: Ավելին, նրա խոսքով՝ դրանք կողմերի համար բոլորովին նոր առաջարկներ չեն եղել: «Վերջերս կրկին ասվեց, որ դրանք հիմնվում են Մադրիդյան սկզբունքների վրա, պարզապես Ռուսաստանը՝ որպես ակտիվ միջնորդ, ով ունի ազդեցություն հակամարտող երկրների նկատմամբ, ունենալով սերտ հարաբերություններ, ում վստահում են նաև արևմտյան համանախագահ երկրները, չնայած ունեն տարաձայնություններ այլ հարցերում, որոշակի փուլերում մշակել է սեղանին առկա առաջարկները և ներկայացրել մեկ փաթեթով: Ուշագրավ է, որ ռուսական կողմը մշտապես հերքել է նման փաստաթղթի առկայության մասին խոսակցությունները, բայց նման բան կարող է լինել: Այլ հարց է՝ ներկայումս այն քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ: Յուրաքանչյուր կողմ կարող է մեկնաբանել այնպես, ինչպես ցանկանա:
Կարծում եմ՝ կարգավորման որ հարցերի շուրջ ընկալումներ են քննարկվում, այսինքն՝ դրանք կարգավորման բաղադրիչներն են, որոնք իսկապես կոնկրետ հարցեր են, սակայն, թե դրանք կոնկրետ այս փաթեթի մա՞ս են, թե՞ ոչ, չեմ կարող ասել: Բնականաբար, կա կողմ, որն ավելի հետաքրքրված է, որպեսզի նման քննարկումներ տեղի ունենան, բայց ներքին քննարկումների բովանդակությունն այդքան էլ հասկանալի չէ: Հետաքրքրականն այն է, որ բավականին երկար դադարից հետո կողմերն այս հանդիպումից առաջ և հետո բարձրաձայնեցին «կարմիր գծերը», ինչը երևի թե պետք է անեին, քանի որ հասարակությունների համար հասկանալի չէր, թե ինչի շուրջ են ընթանում կողմերի միջև խոսակցությունները:
Այդ «կարմիր գծերի» հրապարակումից պարզ դարձավ, որ դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել, և, եթե այդ մասին հայտարարվում է բարձրաձայն, նշանակում է՝ մոտ ապագայում էլ չի փոխվելու, իսկ դա բանակցային գործընթացը դնում է վտանգի տակ, սակայն հասարակությունները վստահեցվում են, որ կողմերն իրենց դիրքորոշումներից ետ չեն կանգնել: Բայց այստեղ մեկ այլ խնդիր է առաջ գալիս՝ պատերազմի հավանականություն կա, բայց այս պահին չկան նպաստավոր պայմաններ դրա համար, քանի որ հակամարտող երկրներում ներքաղաքական ակտիվ գործընթացներ են, որոնց ընթացքում լայնածավալ գործողություններ չեն կարող լինել. ամենաշատը կարող են գրանցվել հրադադարի խախտումներ: Այս ընթացքում կարող են ընթանալ նաև բանակցություններ, բայց դրանց ընթացքում լուրջ առաջընթաց չեմ սպասում, ինչպես և չեմ սպասում արդյունքներ բանակցային գործընթացից ավելի հեռու ապագայի համար: Կարծում եմ՝ այս հակամարտությունը շատ ավելի երկարատև հակամարտություն է, քան թվում է»,- ասաց Մալաշենկոն:
Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական կողմը միտումնավոր է անընդհատ այս թեզն առաջ քաշում՝ փորձելով Մոսկվային ավելի լուրջ ակտիվության դրդել: «Սակայն շատ առաջարկներ են եղել Ղարաբաղյան կարգավորման սեղանին, ես չեմ կարծում, որ այդ առաջարկներով է կարգավորվելու այս հակամարտությունը»,- ասաց նա:
Մալաշենկոն նշեց, որ 2020թ. սկզբին սպասվող հանդիպումից ակնկալիքն այն է, որ այն կուրվագծի հաջորդ տարի բանակցությունների ճանապարհային քարտեզը, ակտիվությունը, և հաջորդ տարի ևս կողմերը կհանդիպեն, քանի որ դրանք ինչ-որ մթնոլորտ են ստեղծում կողմերի միջև: Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմի խախտումներին, ապա Մալաշենկոն գտնում է, որ հայկական կողմը կարող է աշխատել այդ ուղղությամբ լավ արդյունքներ արձանագրելու առումով: «Իհարկե, դա հեշտ չէ, բայց միջազգային հանրության ուշադրությունն է հարկավոր հրավիրել այդ հանգամանքի վրա, կարծում եմ՝ սա է ճանապարհը»,- ասաց Մալաշենկոն: