«Դավիթ Սանասարյանի վարքագծի բարոյական կողմի մասին դատողությունները թողնում եմ հանրությանը». Տիգրան Աթանեսյան

Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ այսօր Էրեբունու քննչական մարմնի քննիչի կողմից կարճվեց երեխայի պատահարի հետ կապված շորթման գործը։

«Ուզում եմ հստակ նշել, որ այս գործում կար երկու ցուցմունք շորթման փաստի վերաբերյալ, որն ըստ քննիչի՝ բավարար հիմք չէր մեղադրանք ներկայացնելու համար։ Սակայն ՊՎԾ «հայտնի գործով» ինձ մեղադրանք առաջադրելու համար երկու կիսատ-պռատ ու շինծու ցուցմունքը համարվեց բավարար, որի արդյունքում ես այսօր ամբաստանյալ եմ, և լիազորություններս կասեցված են։ Փաստաբանի հետ միասին դեռ կքննարկենք քննիչի որոշումը բողոքարկելու հարցը. իմ նպատակն այդ կնոջը վատություն անելը չէր, այլ հաղորդում տվեցի հանցագործության մասին միայն նրա համար, որ այդ կնոջ կողմից կատարված անթույլատրելի ու հակաօրինական արարքը կանխվի և դաս լինի մյուսների համար»,- մասնավորապես գրել է ՊՎԾ լիազորությունները կասեցրած պետ Դավիթ Սանասարյանը:

Հիշեցնենք, որ Analitik.am-ը լուր էր տարածել, որ Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա Ա.Ղևոնդյանին:

Դավիթ Սանասարյանը հերքել էր այդ տեղեկությունը՝ այն անվանելով «հերթական շառ»։

Կայքը տեսանյութ հրապարակեց.

Ավելի ուշ վթարի դեպքով քրեական գործ հարուցվեց:

«ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ:

Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության, երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր երեխայի օրինական ներկայացուցչի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Այնուհետ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ երեխայի մայրը գումար է փորձել շորթել իրենից:

«Նախորդ գրառմամբ հայտարարեցի, որ շառ են անում, և ես ոչ մի երեխայի վրաերթի չեմ ենթարկել, որին հետևեց մի շինծու մեղադրանք մի ստախոս կնոջ կողմից, ում երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային, ընկավ գետնին։ Որից հետո, ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ ելնելով, իրենց հետ միասին գնացել եմ բժշկական կենտրոն, որտեղ զննել են երեխային և ասել, որ ոչ մի խնդիր չկա։ Հաջորդ օրը կինը նորից զանգեց, ու ասեց՝ նորից ստուգման կարիք կա, նորից գործերս թողած՝ գնացի ժամերով հիվանդանոցում անցկացրեցի, նորից ռենտգեն արեցին ու նորից ասեցին, որ խնդիր չկա։ Տեղեկացնում եմ, որ դրանից երկու օր անց  այդ կինն ինձանից 300.000 դրամ փող էր պահանջում և սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ իր երեխային վրաերթի եմ ենթարկել, այն ժամանակ, երբ ինձանից լսեց, որ ոչ մի գումար էլ չեմ տալու, ասեց, որ լրատվամիջոցներին տեղեկացնելու է։ Կրկին մարդասիրությունից ելնելով՝ ամեն օր հետաքրքրվել եմ երեխայի որպիսության մասին, մինչև այն օրը, երբ գումարի վերաբերյալ մերժում ստանալով՝ ինձանից պահանջեցին այլևս չհետաքրքրվել երեխայով։

Հարց. ինչու հիվանդանոցում չասեց, որ վրաերթ է տեղի ունեցել, ու ոստիկանություն չի դիմել.

Պատասխան. քանի որ նման բան չէր եղել, վկաներ կան, իսկ եթե նման բան ասեր, սուտ մատնության համար պատասխանատվության էր ենթարկվելու։

Հ.Գ. Հաղորդում եմ ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով. պետք է պատասխանատվության ենթարկեն, որ անմեղ մարդկանց նկատմամբ շառ չանեն կամ քաղաքական կինոների մեջ դերակատարում չստանձնեն։

Հ.Հ.Գ. Ցավում եմ, որ ծնողը կարող է իր երեխային օգտագործել` փող շորթել փորձելու համար»,- այդ ժամանակ իր տարբերակն այսպես էր ներկայացրել Դավիթ Սանասարյանը:

Եվ ահա հենց այս գործն է կարճել ՀՀ Քննչական կոմիտեն:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր քիչ առաջ նույնպես իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ գործը կարճվել է:

«Այսօր Էրեբունու քննչական բաժնի քննիչի կողմից կարճվել է ՀՀ ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դ.Սանասարյանի կողմից ներկայացված շորթման հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի վարույթը՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Հիշեցնեմ, որ Դ.Սանասարյանը պնդում էր, թե իր կողմից վրաերթի ենթարկված 9-ամյա տղայի մայրն իրենից շորթել է 300.000 դրամ՝ իբր վթարի մասին իրավապահներին չհայտնելու համար:

Նախ պետք է նշեմ, որ նման բան չի եղել, և հաղորդումը ամբողջությամբ ստահոդ էր, և դրա իրական նպատակը, իմ կարծիքով, վրաերթի գործով պաշտպանվելն էր:

Հաշվի առնելով հաղորդում ներկայացրած անձի հանրային կերպար լինելը, նման վարքագծի բարոյական կողմի մասին դատողությունները թողնում եմ հանրությանը: Պետք է նաև նշեմ, որ նույնիսկ, եթե Դ.Սանասարյանի հաղորդումը համապատասխաներ իրականությանը, ապա այդ դեպքում էլ շորթման հանցակազմը կբացակայեր, քանի որ խոսքը գնում է մասնավոր մեղադրանքի գործի մասին, այսինքն՝ տուժողի կողմից վնասի հատուցում պահանջելը՝ մասնավոր բողոքի գործով հաղորդում չներկայացնելու համար, կրում է միանգամայն օրինական բնույթ:

Սա էլ թողնեմ հաղորդման հեղինակի և նրա խորհրդատուների մասնագիտական խղճին:

Նշեմ, որ ամենասկզբից չէի կասկածում, որ այս քրեական գործը ունենալու է նման վախճան, և թող դա դաս լինի բոլոր նրանց համար, ով զազրելի չի համարի ստահոդ հաղորդումներ ներկայացնելը երկու փոքրիկ տղաների մայր հանդիսացող կնոջ դեմ:

Հ.Գ. Վրաերթի քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, մեղադրյալներ այս պահին դեռ չկան»,- նշում է Տիգրան Աթանեսյանը:

Տեսանյութեր

Լրահոս