Ադրբեջանը պատրաստվում է բեմականացված խորհրդարանական ընտրությունների
Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ Բաքվում ստեղծվել է «Ադրբեջանի թալիշների հասարակական խորհուրդը», որի հիմնադիրներն են «Մուսավաթ» կուսակցության անդամներ Ալի Աղաևը, Թահիր Հուսեյնովը և ազգությամբ թալիշ մտավորականներ:
Նորաստեղծ կառույցի անդամ Մեհդիբեյ Սաֆարովը հայտարարել է, թե «Ադրբեջանը մի շարք ժողովուրդների, այդ թվում՝ թալիշների հայրենիքն է, և, ցավոք, թալիշները դուրս են մնացել Ադրբեջանի Հանրապետության կառավարության ուշադրությունից»:
Նա նաև նշել է, որ 1930-ականների ստալինյան բռնաճնշումների ժամանակ նույնիսկ արգելված է եղել «թալիշ» անվան հիշատակումը, իսկ վերջին 30 տարիներին թալիշների իրավունքների վերականգնման ուղղությամբ շատ քիչ քայլեր են արվել, մասնավորապես, Ադրբեջանը չի միացել «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների մասին» եվրոպական խարտիային:
Սաֆարովը հավելել է, որ Ադրբեջանի կառավարության քայլերն ուղղված են եղել թալիշների ձուլմանը, և որպես ժողովուրդ՝ թալիշներն իրենց հայրենիքում կիսաարգելքի տակ են: Պատահական չէ, որ համապատասխան խորհրդի ստեղծումը համընկել է Ադրբեջանում սպասվող 2020թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ:
Սա, ըստ էության, Ադրբեջանի իշխանությունների հերթական նախագիծն է՝ ցույց տալու միջազգային հանրությանն իրենց «հանդուրժողականությունը»՝ ինչպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչների, այնպես էլ՝ քաղաքական այլ հայացք ունեցող հասարակական և քաղաքական ուժերի հանդեպ: Բայց սա նաև փորձ է՝ չեզոքացնելու այլ երկրներում թալիշ գործիչների գործունեությունն ու կանխել թալիշ ժողովրդի շրջանում հնարավոր ընդվզումները:
Չի բացառվում, որ Ադրբեջանում ընթացող ներքաղաքական զարգացումների ֆոնին իշխանությունն Մեհրիբան Ալիևայի ձեռքում կենտրոնանալու դեպքում՝ երկրի իշխանությունները փորձեն թալիշական շարժումը ճնշել իրենց լուռ համաձայնությամբ ստեղծված թալիշական կազմակերպության միջոցով՝ գտնելով այդտեղ հակապետական ուղղվածության գործելաոճ: