Հայ-ռուսական հարաբերություններում գլոբալ փոփոխություններ չեն եղել. Լեոնիդ Ներսիսյան
«Ավելի ի՞նչ կարող է Հայաստանը տալ Ռուսաստանին, ես, անկեղծ ասած, չգիտեմ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց «Արդի» հետազոտական կենտրոնի պաշտպանական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում, ԼՂ հակամարտության գոտում հնարավոր զարգացումներին, ՀԱՊԿ-ում առկա տարաձայնություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժային հավասարակշռությանը:
Խոսելով ՀՀ իշխանությունների այն պնդման մասին, թե հայ-ռուսական հարաբերություններում վերականգնվել է ինքնիշխանությունը, Լեոնիդ Ներսիսյանն ասաց, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը Ռուսաստանի ուղղությամբ չի փոխվել՝ բացառությամբ մի քանի անփութությունների, որոնք տեղի ունեցան ամենասկզբում՝ պայմանավորված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ իրավիճակով:
«Մնացած հարցերում, անկեղծ ասած, ես չեմ տեսնում փոփոխություններ, ամեն բան ընթանում է ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում, ավելին՝ որոշ դեպքերում ներկայիս իշխանությունը կարող է դիտարկվել ավելի ռուսամետ, քան նախորդ իշխանությունը:
Օրինակ՝ Սիրիա կոնտինգենտ ուղարկեցին, որքանով ինձ է հայտնի՝ նախորդ իշխանությունները երկար ժամանակ խուսափում էին այդ գաղափարից»,- ասաց Լեոնիդ Ներսիսյանը:
Նա նաև նշեց ՀՀ-ում գտնվող կենսալաբորատորիաների շուրջ հայ-ռուսական համագործակցության մասին՝ ասելով, որ այդ հարցում ևս հայկական կողմը թափանցիկ և բարեկամաբար դրսևորեց իրեն:
«Ես չեմ տեսնում գլոբալ բաներ, որոնք փոխվել են հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանի կողմից: ՄԱԿ-ի քվեարկությունների ժամանակ ևս Հայաստանը շարունակում է քվեարկել դեմ հակառուսական բանաձևերին: Ավելի ի՞նչ կարող է Հայաստանը տալ Ռուսաստանին, ես, անկեղծ ասած, չգիտեմ»,- ասաց Լեոնիդ Ներսիսյանը:
Հարցին, թե ինչո՞ւ չի կայանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Հայաստան, փորձագետը պատասխանեց, որ պետք է հասկանալ՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև շփումը չափազանց ինտենսիվ է, երկրների ղեկավարները հանդիպում են տարբեր առիթներով, այդ թվում՝ գագաթաժողովների շրջանակներում:
«Պետք է հասկանալ, որ այցը հենց այնպես չի կազմակերպվում, այն պետք է իմաստ ունենա, որպեսզի մարդը երկու օրով այստեղ գա: Իսկ թե Պուտինն ինչպիսի գրաֆիկ ունի հատկապես ներկայումս՝ հաշվի առնելով բոլոր հակամարտությունները 2014 թվականից, կարելի է պատկերացնել, ուստի հազվադեպ է դա տեղի ունենում, քանի որ այդ ամենը քննարկել կարելի է հազար այլ հանդիպումների ժամանակ, որոնք մշտապես տեղի են ունենում, և բացի դրանից՝ բոլոր գերատեսչությունների միջև կան մշտական կոնտակտներ, ուստի հազվադեպ են տեղի ունենում ՌԴ նախագահի այցեր ՀՀ: Դա միշտ է այդպես եղել գոնե վերջին 7-8 տարվա կտրվածքով»,- ասաց Ներսիսյանը:
Խոսելով Հայաստանի և Ռուսաստանի վերնախավերի միջև առկա վստահության մակարդակի մասին՝ նա ասաց, որ դա շատ անձնավորված հարց է. որոշ անձանց միջև հաջողվել է ձեռք բերել վստահություն, ոմանց հետ՝ ոչ:
«Բայց կարծում եմ, որ մեկ ամիս առաջ մոտավորապես տեղի է ունեցել մի այնպիսի բան, որը նկատելիորեն բարելավել է այդ հարաբերությունները: Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչը, բայց եթե դիտարկենք Լավրովի վերջին ելույթները, հնարավոր է՝ կենսալաբորատորիաների թեման, բայց չեմ կարծում միայն դա, Կոսաչյովի ելույթը և ընդհանուր առմամբ մթնոլորտը փոխվել է դեպի լավը»,- ասաց Ներսիսյանը:
Վերջինս նաև ասաց, որ ուղիղ կապ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հետ չի տեսնում:
«Կարծում եմ, որ ձեռք է բերվել ըմբռնում մի շարք հարցերի շուրջ»,- ասաց Ներսիսյանը՝ չմասնավորեցնելով, թե որ հարցերի մասին է խոսքը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում: