«Սպասում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կոչը հասնի տեղ, և ապաշրջափակումն իրականացվի». ՀՀ վարչապետի խոսնակը՝ Ամուլսարի մասին
Կիրակի օրը Ջերմուկում կայացել է Ամուլսարի հարցով հերթական հանդիպումը, որի ընթացքում ժողովի մասնակիցները որոշել են թույլ չտալ «Լիդիանին»՝ ձմեռացման աշխատանքներ իրականացնելու համար Ամուլսար մուտք գործել: Հիշեցնենք, ըստ մամուլի հրապարակումների, այդ օրը ճանապարհն ապաշրջափակելու խնդրանքով դիմել էր ոստիկանապետը:
Ժողովի մասնակիցները նախ նշել են, որ անցյալ տարի թույլ են տվել նման աշխատանքներ իրականացնել, և դրա կարիքը այս տարի չկա, երկրորդ, կարծում են, որ դա «Լիդիանը» կարող է օտագործել որպես պատրվակ՝ մուտք գործելու և այլ աշխատանքներ իրականացնելու համար:
168.am-ի հետ զրույցում «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանն անդրադառնալով վերջին հանդիպման որոշմանը՝ նշել է. «Չեմ կարծում, որ իրավական պետությունում հնարավոր կլիներ նման հարցադրումն ի սկզբանե, քանի որ այն, ինչ տեղի է ունենում Ամուլսարում, խախտում է օրենքի ու օրինականության մասին բոլոր պատկերացումները»:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում հանդիպմանը «Սասնա ծռեր» կուսակցության մասնակցությանը՝ Ալոյանը պատասխանել էր. «Իսկ ինչպե՞ս պետք է վերաբերվեմ: Պետությունը պետք է «վերաբերվի»: Զենքով գործողություններ իրականացրած խմբավորումը պայմաններ է թելադրում պետությանը: Այստեղ մեկնաբանելու բան կա՞»:
«Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենի այս հայտարարությունների առնչությամբ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից: «Դա իր կարծիքն է, իր դիրքորոշումն է, իր մոտեցումն է»,- ասաց նա:
Հարցին, թե դեռևս ամիսներ առաջ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապաշրջափակման կոչ արել ակցիայի մասնակիցներին, որևէ տեղաշարժ կա՞, շարունակություն ունեցա՞վ այդ կոչը, նա պատասխանեց. «Գիտենք, որ վերջերս շփում է տեղի ունեցել համապատասխան պետական կառույցների և շրջափակումն իրականացնողների միջև, այսինքն՝ այդ կոչը շարունակություն է ունեցել: Սպասում ենք, որ այդ կոչը հասնի տեղ, և ապաշրջափակումն իրականացվի»:
Դիտարկմանը, թե ակնկալում եք, որ կլսե՞ն վարչապետի հորդորը, Վ. Կարապետյանն արձագանքեց՝ բնականաբար: