«Զենքով գործողություններ իրականացրած խմբավորումը պայմաններ է թելադրում պետությանը». Հայկ Ալոյան
Կիրակի օրը Ջերմուկում կայացավ համայնքային հանդիպում, որի ընթացքում ժողովի մասնակիցները որոշեցին թույլ չտալ «Լիդիանին»՝ ձմեռացման աշխատանքներ իրականացնելու համար Ամուլսար մուտք գործել: Հավաքին մասնակցում էին ոչ միայն Ջերմուկի բնակիչները, այլև բնապահպան ակտիվիստներ, ինչպես նաև «Սասնա ծռեր» կուսակցության անդամները։ Մոտ մեկ ժամ տևած ելույթներից հետո, քվեարկությամբ որոշվեց թույլ չտալ «Լիդիանի» մուտքը:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ճանապարհը շջափակողներին այդպիսի խնդրանքով էր դիմել ոստիկանապետը: Ժողովի մասնակիցները նախ նշել են, որ անցյալ տարի թույլ են տվել նման աշխատանքներ իրականացնել, և դրա կարիքը այս տարի չկա, երկրորդ, կարծում են, որ դա «Լիդիանը» կարող է օտագործել որպես պատրվակ՝ մուտք գործելու և այլ աշխատանքներ իրականացնելու համար:
Այս առիթով «Լիդիան Արմենիայի» տնօրեն Հայկ Ալոյանին մի քանի հարց ուղղեցինք:
– Նախ՝ ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին, որ համայնքային ժողովում որոշվեց թույլ չտալ «Լիդիանի» մուտքը:
– Չեմ կարծում, որ իրավական պետությունում հնարավոր կլիներ նման հարցադրումն ի սկզբանե, քանի որ այն, ինչ տեղի է ունենում Ամուլսարում, խախտում է օրենքի ու օրինականության մասին բոլոր պատկերացումները: Ու, անկեղծ ասած, չէի ցանկանա անդրադառնալ դրան: Բայց այս ապօրինությունից տուժած համայնքների հազարավոր բնակիչների հանդեպ արդար կլինի մի քանի կարևոր բան ասել: Նախ՝ այդ հավաքին, լավագույն դեպքում, 130 մարդ է մասնակցել, որի մի մասը այդ համայնքներում չապրող տարբեր քաղաքական օպորտունիստներ են: Հետևաբար՝ առնվազն անպարկեշտ է շարունակաբար նման 100 հոգանոց հավաքները ներկայացնել՝ որպես 6 հազար բնակիչ ունեցող Ջերմուկի ու Գնդեվազի տեսակետ:
Մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, համայնքի ձայնը լռեցվել է այդ մի քանի տասնյակ մարդու անպատիժ ապօրինության, պետության անգործության ու օրենքի լիակատար անտեսման պայմաններում: Երկրորդ՝ իրավական պետությունում օրենքն է որոշում՝ ով ինչ գործունեության իրավունք ունի, ոչ թե տարբեր խմբավորումների մասնակցությամբ հավաքները:
– Եթե այդ խումբը չի ներկայացնում համայնքի տեսակետը, ինչո՞ւ այդ մի քանի հազար բնակիչը չեն մասնակցում ու չեն արտահայտում իրենց կարծիքը:
– Ջերմուկում ու Գնդեվազում արդեն մեկուկես տարի վախի ու ապօրինության մթնոլորտ է: Դատեք ինքներդ, մի խումբ մարդիկ մեկուկես տարի ապօրինություն են անում, ու ոստիկանությունը դա կանխելու փոխարեն՝ ապօրինություն իրականացնողներին խնդրանքներով է դիմում, պետությունը նրանց հետ ամիսներով «բանակցում» է: Կարո՞ղ եք պատկերացնել, որ այդ համայնքում մարդիկ համարձակություն կունենան այդ տարածքում ինքնիշխանություն հռչակած, անպատիժ ապօրինություն իրականացնող խմբի դեմ խոսել:
– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում «Սասնա ծռերի» մասնակցությանը:
– Իսկ ինչպե՞ս պետք է վերաբերվեմ: Պետությունը պետք է «վերաբերվի»: Զենքով գործողություններ իրականացրած խմբավորումը պայմաններ է թելադրում պետությանը: Այստեղ մեկնաբանելու բան կա՞:
– Ի՞նչ է անելու «Լիդիանը»:
-Այն, ինչ արել է միշտ՝ հետևելու է օրենքին:
– Արբիտրաժ գնալո՞վ:
– Ինձ մոտ տպավորություն է, որ ոմանք անհամբեր հենց դրան են սպասում, որ չարախնդան պետության հեղինակության ու տնտեսության անկման վրա: Զարմանում եմ միայն, որ այս ամենին լուռ հետևում են պատկան մարմինները: