Մանդատը չդնես. Ֆեյսբուքյան ֆլեշմոբ՝ ի պաշտպանություն Դավիթ Խաժակյանի
Ֆեյսբուքի մի շարք օգտատերեր՝ հասարակական, քաղաքական գործիչներ, շարքային քաղաքացիներ, կոչ են անում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին կոչ են անում վայր չդնել մանդատը: Ի պաշտպանություն նրա՝ Ֆեյսբուքում ֆլեշմոբ է սկսվել՝ «մանդատը չդնես» հեշթեգով:
Երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, թե քննարկում են ավագանու իրենց միակ անդամին հետ կանչելու և ավագանիում գործունեությունը շարունակելու նպատակահարմարության հարցը: Մարուքյանն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում պնդել էր, որ իրենք չնայած շատ գոհ են ավագանու իրենց անդամի աշխատանքից, բայց նա երբեմն չի կարողանում վերահսկել իրավիճակը:
168.am-ի հարցին, թե հանրային պահանջը կարո՞ղ է ազդել կուսակցության որոշման վրա, Դավիթ Խաժակյանը պատասխանեց.
«Ես կարծում եմ, որ բոլոր գործոններն էլ իրենց ազդեցությունը կունենան, որովհետև ի վերջո կուսակցության այդ քայլը հասարակության արձագանքի վրա հիմնված քայլ էր: Սա, որպես շարունակություն, իր ազդեցությունը կարող է ունենալ, բայց այդուհանդերձ խորհուրդն է, որ վերջնական որոշում կկայացնի»:
Ֆլեշմոբին միացել են նաև «հակահեղափոխական» հռչակված մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ, որոնք պնդում են, որ ավագանու անդամի՝ քաղաքային իշխանությանը ուղղված քննադատությունները միշտ բովանդակային են ու հավասարակշռված: Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ ինքն ուրախ է, որ իր աշխատանքը գնահատվում է, անկախ նրանից, թե գնահատողն ով է:
«Երբ որևէ լրատվամիջոց, որևէ հասարակական գործիչ ինչ-որ տեսակետ է հայտնում, ես չեմ ցանկանում նրանց տեսակետը անտեսել կամ ստորադասել զուտ ինչ-որ ասոցիացիաների պատճառով, ուստի ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր գնահատում են իմ աշխատանքը՝ լինեն «սևեր» թե «սպիտակներ», որովհետև ես այդ բաժանումը չեմ ընդունում: Եթե իմ, մեր խմբակցության գործունեությունը դրական է գնահատվել, ես դրա համար միայն ուրախ եմ»:
Դավիթ Խաժակյանը մանդատը չդնելու հորդորներ նաև բանավոր է լսել, ասում է՝ ստացած արձագանքները հետևողականորեն փոխանցում է կուսակցական իր գործընկերներին.
«Կուսակցական իմ գործընկերները շատ ավելի են հակվում, որ պետք է ձևաչափը պահպանել և ուժեղացնել»:
Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ի սկզբանե վստահ է, որ Դավիթ Խաժակյանը ավագանին չի լքելու, իսկ տեղի ունեցածը բավականին հաջող PR քայլ էր: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարն առաջարկում է վարչության պետին վերլուծություններում համեստ լինել.
«Հովսեփ Կուբատյանը պետք է հիշի, որ նա հանդիսանում է Քաղաքապետարանի վարչության պետ, համայնքային ծառայող, և որոշակի քաղաքական զսպվածություն պետք է ցուցաբերի իր դիրքորոշումներում»:
Դավիթ Խաժակյանը մանդատը դնելու ցանկություն չունի, ավելին, համարում է, որ այն կարելի է շարունակել արդյունավետ օգտագործել: Իրեն հետ կանչելու գործընթացը ավագանու նախորդ նիստում արած իր բացահայտման հետ չի կապում:
Խաժակյանը Երևանի քաղաքապետարանում պաշտոնեական կեղծիք էր հայտնաբերել և այդ մասին հաղորդում ներկայացրել Դատախազություն.
«Մեկը մյուսի հետ չի կարող կապվել: Ես շարունակում եմ նոր բացահայտումների վրա աշխատել»: