ՍԴ-ի նկատմամբ անվստահություն ունեն նրանք, ում հետաքրքիր է, որ երկրի թիվ մեկ դատավարությունով լինի ցանկալի ելք. Փաստաբան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, ամփոփելով 2019 թվականը, պնդում է՝ տարին արդարադատության տեսանկյունից շոկային էր: 2018-ի ապրիլյան իրադարձություններից հետո տեղի ունեցող դատաիրավական զարգացումները խոստացածի պես չեն ընթացել:

«Մեր երկրում տեղի ունեցող պետական կառավարումն ու դատաիրավական զարգացումները դասագրքային օրինակ են, թե ինչպես չպետք է լինի  պետական կառավարումն ու դատաիրավական զարգացումները: Քաղաքական մոտիվներով ձեբակալություններ, ընտրովի արդարադատություն, ընդդիմադիր մամուլի ճնշում: Սրանք տարին ամփոփող արատներն են, որոնց վերացումը թավշյա օրակարգում էր»:

Փաստաբանը տեղի ունեցած գործողությունների հաջորդականությունը ներկայացնում է, իր խոսքով, ըստ իր ցնցվելու աստիճանի: Առաջինը մայիսին դատարանների արգելափակումն էր, երբ վարչապետի հրահանգով, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունից հետո, մեկ օր դատավորներին թույլ չէին տալիս մտնել աշխատավայր:

«Այսօր թիվ 1 դատավարությունում, որը, բացի քրեականից, նաև քաղաքական դատավարություն է, քննարկվում է, թե արդյո՞ք  2008-ի մարտի 1-ին տապալվել էր սահմանադրական կարգը: Եթե  այս պարագայում քննարկելու հարց է, արդյոք տապալվա՞ծ էր, թե՞ ոչ, անորոշության սեգմենտներով պայմանավորված, ապա մայիսյան իրադարձություններին ամեն ինչ ակնհայտ էր, այդ օրը սահմանադրական կարգը տապալված էր, քանի որ առնվազն մեկ օր ՀՀ-ում արդարադատության համակարգը չի գործել, մարդու իրավունքները չեն պաշտպանվել և չեն երաշխավորվել, սահմանադրական կարգը տապալված է եղել»:

Դատարանների արգելափակման օրը պատուհանով աշխատավայր մտնել փորձող դատավոր Դավիթ Բալայանին ակտիվիստները հրեցին և ցած գցեցին, այս գործով հաղորդում կա, բայց քրեական գործ հարուցված չէ: Փաստաբանն առանց անուններ տալու, սակայն վստահ, որ բոլորը կհասկանան, պնդեց՝ երկրի թիվ մեկ քրեական գործի շրջանակներում քաղբանտարկյալ ունենք: Ալեքսանդր Կոչուբաևի համոզմամբ՝  կան քրեական այլ գործերով  քաղաքական դրդապատճառներով հետապնդվող մարդիկ.

«Ես անուններ կհրապարակեմ՝ Նարեկ Մութաֆյան, Սարգիս Օհանջանյան, Արսեն Բաբայան, Արա Բաբլոյան և այլք: Առաջին երկուսը քրեական  հետապնդման են ենթարկվում այն բանի համար, որ վերարտադրել են երկրի ղեկավարի արտահայտությունը առ այն, որ երկրում կան «վնգստացող դատավորներ»: Սա իրավահավասարության սահմանադրական սկզբունքի լրջագույն խախտում է: Երկրի ղեկավարը հանրահավաքի ժամանակ ի լուր աշխարհի հայտարարում է, որ Հայաստանում կան «վնգստացող դատավորներ», իսկ քաղաքացին, մոտենալով դատավորին, փորձում է հասկանալ՝ ինքը գործ ունի «վնգստացո՞ղ դատավորի» հետ, թե՞ ոչ: Եթե առաջին դեպքում չունենք քրեաիրավական զարգացումներ, իսկ երկրորդ դեպքում ունենք, ապա սա իրավահավասարության լրջագույն խախտում է»:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նկատմամբ անվստահությանը,  Ալեքսանդր Կոչուբաևի գնահատմամբ՝ դա կեղծ օրակարգ է, և ինքը՝ որպես փաստաբան, անվստահություն չունի: Իսկ ովքե՞ր ունեն, և կա՞ արդյոք ՍԴ-ում ճգնաժամ:

«Այս իրավիճակը ես կցանկանայի բնորոշել ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքերով, որ «Սահմանադրական դատարանի միակ ճգնաժամը Վահե Գրիգորյանն է»… Փաստաբանական համայնքը գրեթե միաձայն վստահություն ունի ՍԴ-ի նկատմամբ: Չեմ ուզում անուներ տալ, օրինակ, Հրայր Թովմասյանին վստահո՞ւմ եմ, թե՞ չեմ վստահում, Ալվինա Գյուլումյանին  վստահո՞ւմ եմ, թե՞ չեմ վստահում, համակարգային առումով ես վստահում եմ ՍԴ-ին, որովհետև ՍԴ-ն մարդու իրավունքների օրակարգը առաջ տանող, Սահմանադրության գերակայություն ապահովող մեխանիզմ է: Այն շրջանակին դուր չի գալիս այս մեխանիզմը, ում հետաքրքիր է, որ թիվ մեկ դատավարությունով լինի ցանկալի ելք, քանի որ ՍԴ-ն արձանագրեց, որ քրեական հետապնդում այդ գործով չէր կարող սկսվել, իսկ սկսվածն էլ ենթակա էր կարճման՝ գլխավոր դերակատարի սահմանադրական և գործառութային անձեռնմխելիությամբ պայմանավորված»:

Վերջին շոկը փաստաբանների նկատմամբ ճնշումներն են: Նախորդ ամսվա ավարտին ԱԱԾ-ն փորձ էր արել փաստաբան Հովհաննես Չամսարյանի փաստաբանական գրասենյակից առգրավել 2 համակարգիչ, ինչը, սակայն, կանխվել էր փաստաբանական համայնքի շնորհիվ:

 

Տեսանյութեր

Լրահոս