«Եթե Ղարաբաղում ընտրական շրջանում անկայունություն չլինի, Ադրբեջանը չի փորձի օգտվել իրավիճակից». Սկակով

«Ադրբեջանն է փորձում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով անցկացվող հանդիպումների օրակարգում «Լավրովի պլանն» է»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:

Հիշեցնենք, որ Բրատիսլավայում նախարարներ Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հերթական անգամ մանրամասներ էր ներկայացրել բանակցային գործընթացից՝ հիշատակելով, այսպես կոչված, «Լավրովի պլանը», որը, նրա խոսքով՝ մշակվել է 2.5 տարի առաջ Մոսկվայում՝ եռակողմ հանդիպման ժամանակ:

Ադրբեջանի ԱԳ նախարարը նորից ասել էր, թե վերջին բանակցությունները Բրատիսլավայում կոշտ էին, կողմերը ներկայացրել են իրենց «կարմիր գծերը», և այդուամենայնիվ, Մամեդյարովի խոսքով, բանակցությունները պետք է շարունակել: «Եթե նույնիսկ պատերազմ լինի, այն հավերժ չի տևելու, և պետք է լինելու այսպես թե այնպես շարունակել բանակցությունները»,- հայտարարել էր նա:

Ադրբեջանի արտգործնախարարը պնդել էր, թե Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցություններում քննարկում են կոնկրետ և իրական կետեր: Մամեդյարովը տեղեկացրել է, որ «Լավրովի պլանը» հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա: Նա իր հարցազրույցում նաև հղում էր արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ այս տարվա մարտի 9-ի հայտարարությանը՝ ասելով, թե այդ հայտարարության էությունը խնդրի կարգավորման փուլային տարբերակն է․ առաջին փուլում, ըստ Մամեդյարովի՝ «զորքերի դուրսբերում, ադրբեջանական բնակչության վերադարձ Լեռնային Ղարաբաղ, անվտանգության ապահովում, կապի հաստատում»:

Էլմար Մամեդյարովի խոսքով՝ Բաքուն հայկական կողմին առաջարկում է «խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով»: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ի պատասխան նշել է, որ որևէ փաստաթուղթ չի քննարկվում և գոյություն չունի: Իսկ հայկական կողմի դիրքորոշումը, նրա խոսքով, արտացոլված է Բրատիսլավայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթի տեքստում:

Ալեքսանդր Սկակովը, սակայն, բանակցային գործընթացում որևէ արտասովոր փուլ կամ արտասովոր զարգացումներ չի նկատում: Ավելին, ըստ նրա՝ որևէ «Լավրովի պլան» չկա բանակցային սեղանին: «Ես տեսնում եմ, որ ադրբեջանական կողմը ցանկանում է, որպեսզի նման պլան լինի, որպեսզի դրա շուրջ կառուցվի ողջ գործընթացը: Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ Ռուսաստանն  առաջարկում է մի ծրագիր, որին հայկական կողմը դեմ է, խոչընդոտում է խաղաղությանը, ապակառուցողական մոտեցում է ցուցաբերում: Բայց ես չեմ տեսնում նման պլանի առկայության մասին հավաստիացումներ Լավրովի և հայկական կողմից, ուստի կարող ենք եզրակացության գալ, որ չկա նման պլան, կամ այն ակտիվ օրակարգում չէ, քանի որ եղել են որոշ առաջարկներ, և, թե դրանք ինչպես են կոչվում՝ դժվարանում եմ ասել: Բայց կարծում եմ նաև, որ նման հարցեր առանց Արցախի մասնակցության չեն քննարկվում, այդ մասին հայտարարվել է»,- նկատեց Սկակովը:

Խոսելով պաշտոնական Երևանի դիրքորոշման մասին՝ Սկակովն ասաց, որ եթե Երևանի ու Ստեփանակերտի դիրքորոշումները դիտարկենք, փոքր-ինչ տարբերություն միշտ նկատելու ենք: Նրա խոսքով, սա չպետք է դիտարկվի՝ որպես անհանգստացնող գործոն: «Դա լիովին հասկանալի է, քանի որ ելքային տվյալները բոլորովին տարբեր են Երևանի և Ստեփանակերտի դեպքում: Ստեփանակերտի դեպքում բոլոր զիջումները շատ ավելի ցավոտ են ընկալվում, քան Երևանի համար: Իսկ հայկական կողմի համար լիովին ընդունելի է ստատուս-քվոն: Ստատուս-քվոն պահպանելը ևս քաղաքականություն է»,- ասաց Սկակովը:

Նա նշեց, որ ՀՀ իշխանություններն այս հարցում որոշակի թերացումներ թույլ տվեցին: «Նոր մարդիկ էին և իրավիճակին այդքան էլ չէին տիրապետում, բայց կարծես իրավիճակը բարելավվել է ներկայումս: Դիվանագիտությունը ենթադրում է որոշակի պահվածք, և մարդիկ, որոնք գալիս են ոչ դիվանագիտական ոլորտից՝ անխուսափելիորեն սկզբնական շրջանում չեն հասկանում, թե որտեղ, երբ, ինչ խոսել»,- ասաց Սկակովը՝ հավելելով, թե նկատի ունի նաև Նիկոլ Փաշինյանին:

Սակայն նա պարզաբանեց, որ խոսքը ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի մասին է, որքան նրա շրջապատի և նրա կողմից նշանակված գործիչների:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, Սկակովի պարզաբանմամբ՝ Ռուսաստանին այս փուլում հարկավոր չէ իրավիճակի սրում ԼՂ հակամարտութան գոտում, և ՌԴ բոլոր գործողությունները, նախաձեռնությունները ելնում են այս նպատակից: «Բայց ես կարծում եմ՝ առաջընթաց բանակցային գործընթացում չի լինելու»,- ընդգծեց Սկակովը:

Անդրադառնալով հակամարտության գոտում սպասվող առաջիկա զարգացումներին՝ Սկակովն ասաց, որ ԼՂ հակամարտության գոտում այժմ կա լարման վտանգ: «Բայց դա տեղի չի ունենա ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ո՛չ առաջիկա ամիսներին: Իրավիճակը ներկայումս Ադրբեջանի՝ պատերազմի միջոցով հակամարտությունը լուծելու սցենարի օգտին չէ, որևէ մեկը թույլ չի տա նրան լարել իրավիճակը այդ գոտում՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ ամերիկացիները, ո՛չ ԵՄ-ն: Իսկ եթե դիտարկենք ավելի հեռահար ապագան, ապա հակամարտության գոտու լարումն անխուսափելի է: Դա վերաբերում է նաև Ղարաբաղում սպասվող ընտրական փուլին: Նրանք, ովքեր հնարավորություն ունեն հաղթել այդ ընտրություններում, չեն գնա իրավիճակի ապակայունացման ճանապարհով, և հիմքեր չկան Արցախի ներսում անկայունության համար: Իսկ եթե չլինի ներքին անկայունություն, ապա Ադրբեջանը չի կարողանա օգտվել իրավիճակից»,- ասաց Սկակովը:

Տեսանյութեր

Լրահոս