«Կարելի էր հազար ու մի որոշում կայացնել, բայց ԱԺ-ն կայացրել է հնարավոր ամենաանհաջող որոշումը». Արտակ Խաչատուրով
Խորհրդարանը մի քանի օր առաջ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ քաղաքացիները Ճանապարհային ոստիկանության արձանագրած խախտումները Վարչական դատարանում բողոքարկելու համար պարտավոր են վճարել 4000 դրամ պետական տուրք՝ առաջին ատյանի դատարանում, 10.000 դրամ՝ Վերաքննիչ դատարանում, և 20.000 դրամ՝ Վճռաբեկ դատարանում: 168.am-ի հարցին, թե արդյո՞ք այս փոփոխությունից հետո քաղաքացիները նույն համառությամբ կբողոքարկեն ՃՈ այն ակտերը, որոնք իրենց կարծիքով՝ ոչ իրավաչափ են, «Խաչատուրով» ապահովագրական ընկերության ղեկավար փաստաբան Արտակ Խաչատուրովը, որը մշտապես ճանապարհային խախտումների հարցերի ուսումնասիրությամբ ու հայցերով է զբաղված, պատասխանեց.
«Կդիմեն, բայց ոչ այդ քանակով: 10 հազար գործ վարչական դատարանում կա հիմա, դրանց 70 %-ից ավելին բողոքարկման որոշումներ են: Ստացվում է մոտ 6-7 հազարը: Հիմա, այս փոփոխությունից հետո կլինի 600 կամ 700 բողոք»:
Ըստ փաստաբանի՝ այսօր իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի կրճատեն քաղաքացիների բողոքարկումները:
Խաչատուրովը հիշեցրեց, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 30-ին, Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություն էին կատարել, որի համաձայն՝ քաղաքացիները ՃՈ խախտումները նախ պետք է բողոքարկեն ՀՀ ոստիկանությունում՝ վերադասության կարգով, ապա մերժվելու դեպքում՝ նոր դիմեն Վարչական դատարան: Զարմանում է, որ նման օրենք ընդունելուց հետո իշխանությունները գնացել են պետական տուրք սահմանելու ուղղությամբ:
«Ավելի հեշտ չէ՞ր լինի՝ այդ փոփոխությունից հետո վերադասությունում տուրք սահմանեին, հարցը լուծվեր, գնար: Ամեն «մահանա» էլ կարելի է բռնել: Բայց դա պետք է լինի ողջամիտ, խելամիտ և հավասարակշռված»,- ասաց Արտակ Խաչատուրովը՝ վստահություն հայտնելով, որ այս փոփոխությունը ողջամտության հետ որևէ աղերս չունի:
Ասում է՝ կարելի էր հազար ու մի որոշում կայացնել, բայց ԱԺ-ն կայացրել է հնարավոր ամենաանհաջող որոշումը:
Օրենքում նման փոփոխություն կատարելու մտադրությունն իշխանությունը պատճառաբանում է Վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու անհրաժեշտությամբ: Փաստաբանի խոսքով՝ դատարան դիմելը «բերանի ծամոն» չդարձնելու համար կարելի էր որոշակի սահմանափակումներ դնել: Բայց նաև հիշեցրեց՝ Վարչական դատարանն ի սկզբանե ստեղծված է պետությունից քաղաքացիների պաշտպանվածությունն ապահովելու համար:
Ճանապարհային ոստիկանության հետ աշխատանքի իր փորձառությունը նկատի ունենալով՝ փաստաբանը շեշտում է, թե ՃՈ-ն իր գոյության 7 տարվա ընթացքում ոչ մի բան չի արել, որպեսզի ակտերի որակը բարձրացնի: Վստահեցնում է՝ այնտեղ նույն քանակային պատերազմն է՝ նույն բիզնես ստեղծելու հենքով:
«Մենք ունենք երթևեկության կարգավորման խնդիր: Իսկ երթևեկության կարգավորումն ու բիզնես հարթակ ստեղծելն իրար հետ անհամատեղելի են»,- ասաց Խաչատուրովը:
Ասածն ավելի առարկայական դարձնելու համար Խաչատուրովն արագաչափերի մասին հետաքրքիր օրինակ ներկայացրեց 168.am-ի հետ զրույցում: Ասում է՝ երբ արագաչափը տեղադրված է, նկարահանվողները քիչ են: Խախտումներ գտնելու համար ոստիկանները կա՛մ արագաչափն են տեղափոխում, կա՛մ պտտում են, որ հակառակ կողմը նկարի: Խաչատուրովը վստահ է, որ այստեղ ի սկզբանե ոչ թե խախտում հայտնաբերելու, այլ եկամուտ ապահովելու նպատակ կա: Դատական տուրքն էլ, ըստ փաստաբանի, սրա հետ ուղիղ համեմատական կապի մեջ է ու սահմանվել է ոչ թե այս ամենը կարգավորելու, այլ ընդամենը դատարան դիմելն անհասանելի դարձնելու համար, որ ցանկալի եկամուտն ու քանակն ապահովվի:
«Ճանապարհային ոստիկանությունում անուղղելի են, չեն ուզում ուղղվել: Վերադասությամբ գործը քննելիս բլանկները գրանցվում են ոստիկանական բաժանմունքում՝ քաղմասում: Ոստիկանությունում պահպանողական են թե՛ ավանդույթների, թե՛ սուբյեկտիվության առումով: Հարկավոր էր հասնել որակական լավ մակարդակի, գործերի քննության որակն էր պետք բարձրացնել»,- հավելեց մեր զրուցակիցը:
Շատերին է հայտնի, որ քաղաքացիները ՃՈ ակտերը բողոքարկելիս խուսափում են Վերադասության կարգով քննությունից: Ըստ փաստաբանի՝ քննություն իրականացնողները վստահություն չեն վայելում, ժողովրդից կտրված են:
«Միակ վստահության աղբյուրը մնացել էր վարչական դատարանը, էն էլ ԱԺ-ն ընկավ մեջտեղ, դրա վստահությունն էլ կորավ: ԱԺ-ում նստել մտածել են, որոշել են տուրք սահմանել: Չլինի, 2 այլ հետաքրքիր տարբերակ էլ կմտածեն»,- ասաց փաստաբանը:
Արտակ Խաչատուրովի կարծիքով՝ խնդիրը ոչ թե տուգանքի ակտով նախատեսված գումարի չափն է, այլ մարդու իրավունքը: Շատերն այսօր խնդրին նայում են մարդու խախտված իրավունքի շրջանակներում: Ու այստեղ ԱԺ-ն պետք է շտկեր ՃՈ համակարգը, ոչ թե մարդկանց իրավունքները մասայաբար սահմանափակեր՝ Վերադասության կարգով քննությունը մատչելի, արդյունավետ, օբյեկտիվ դարձնելուն ուղղված որևէ քայլ չանելով:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: