«Այս իրավիճակի մեղավորը Երևանի քաղաքապետն է». Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքով՝ ավագանիում իր հետագա գործունեության շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ հարցը քննարկել են ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։
«Համարում եմ, որ այս իրավիճակի մեղավորը Երևանի քաղաքապետն է, որը որոշակի սադրանք իրականացրեց՝ ծիծաղելով, ծաղրելով, անջատելով Թեհմինա Վարդանյանի խոսափողը, որի արդյունքում վերջինս զայրացած ելույթ ունեցավ։ Եվ այնպես ստացվեց, որ այդ ելույթի արդյունքում տեղի ունեցավ մեր կողմից ներկայացված՝ հանցագործության մասին հաղորդումը, նախկինում ևս նման խնդիր ունեցել ենք։ Փաստը կորչում է որոշակի անձնական ձևակերպումների արդյունքում, պարոն Մարուքյանի գրառումն ու այսօրվա ասուլիսը դրա մասին էր, որ մենք չենք կարող մեզ հընթացս զսպել, խոսքը վերաբերում է «Հանրապետություն» կուսակցության մեր գործընկերներին։
Եթե չենք կարող այդ սադրանքներին չտրվել, ապա «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր մասով կարող է խնդիրը կարգավորել՝ հետ կանչելով ինձ։ Ստացվում է այնպես, որ հանրային ամբողջ նեգատիվ արձագանքը՝ պայմանավորված անձնական գնահատականներով, գալիս է «Լուսավոր Հայաստանի» վրա, մինչդեռ «Լուսավոր Հայաստանն» ազդեցություն չունի «Հանրապետություն» կուսակցության մեր գործընկերների հանրային խոսքի վրա»,- մեզ հետ զրույցում շեշտեց նա։
Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, որ ավագանիում իր ներկայացրած կեղծիքի վերաբերյալ ելույթը չի լուսաբանվել, փոխարենը՝ լուսաբանվել է քաղաքապետի ծիծաղն ու այլ տեսարաններ, Դավիթ Խաժակյանը պարզաբանեց՝ նշելով, որ ավագանիում իր ելույթը լրատվամիջոցները լավ լուսաբանել են։
«Սակայն, երբ նայում եմ լրատվականների էջերում հայտնված ելույթները, այնպես է ստացվում, որ այն ելույթը, որն արձանագրում է քրեական հանցագործություն պաշտոնատար անձի կողմից, շատ ավելի քիչ է տարածվել, բնականաբար, ոչ լրատվամիջոցների մեղքով, քան այն ելույթը, որը վերաբերում էր անձնական ձևակերպումներին, պարունակում էր վիրավորանքներ և որը հանդիսանում էր հոդվածի վերնագիր, որն էլ ներգրավել էր ավելի շատ սկանդալային լսարան, քան հանցագործության վերաբերյալ փաստը։ Սա նաև մեր հասարակության խնդիրն է, քանի որ սովոր է ավելի շատ նման ելույթներ նայելու»,- շեշտեց Դավիթ Խաժակյանը։
Հարցին՝ պատրա՞ստ է հեռանալու ավագանիից, Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Ունեմ նախընտրություն՝ գործընկերներիս հետ շարունակելու համատեղ աշխատանքն ավագանիում, սակայն հարցը կորոշվի համատեղ քննարկումների արդյունքում, եթե խորհորդը որոշի, որ պետք է հեռանամ ավագանիից՝ կհեռանամ»։
Հաջորդ հարցին՝ եթե ավագանիում դադարեցնի աշխատանքը, ապա որտե՞ղ է շարունակելու ծավալել քաղաքական գործունեություն, նա պատասխանեց, որ իր քաղաքական գործունեությունը շարունակվելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցության շրջանակներում, ինչպես նաև քաղաքային իշխանությունների ապօրինությունները բացահայտելու ուղղությամբ՝ պարզապես այլ ձևաչափով: «Սակայն հուսանք, որ բանը դրան չի հասնի, տեսնենք»,- եզրափակեց նա։