
«Մենք չենք կարող ուրիշների արածի համար կրել պատասխանատվություն». Մարուքյանը՝ Դավիթ Խաժակյանին ավագանիից հետ կանչելու մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Երևանի ավագանիում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ ավագանիում հետագա գործունեության նպատակահարմարությունը՝ նշեց, որ երեկ ավագանու նիստում Խաժակյանը բացահայտել է քաղաքապետարանի կողմից կատարված չարաշահում, սակայն այն չի լուսաբանվել, փոխարենը՝ լուսաբանել են Հայկ Մարությանի ծիծաղելու տեսարաններն ու այլ դրվագներ:
«Եթե հանրային ընկալումը սա է, որ ավագանու անդամը պաշտոնական կեղծիքը ծամած դնի դատախազության բերանը, և դա չլուսաբանվի, որովհետև դա հետաքրքիր չի մարդկանց, ուրեմն ավելի լավ է ավագանու նիստերին չմասնակցենք և դուրս գանք: Կարծում եմ՝ մեդիան ըստ էության ծածկում է սկանդալային ինչ-որ բաներ, բայց ոչ իրական մարդկանց գործունեությունը: Հիմա, երբ այդ աշխատանքը կորչում է, դրա գնահատողն ո՞վ պետք է լինի, եթե քաղաքացիներն այդ աշխատանքը չեն տեսնում, արդյո՞ք անհրաժեշտ է շարունակել գործունեությունը»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
Նրա դիտարկմամբ, ի տաբերություն ավագանու, խորհրդարանում իրենք վերահսկողություն ունեն խմբակցության վրա, այս դեպքում պատասխանատվություն են կրում միայն ավագանու իրենց անդամի համար և նրա համար կարող են որոշել՝ հետագայում կմասնակցի՞ ավագանու նիստերին, թե՞ ոչ:
Հարցին, թե ե՞րբ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը պարզ կլինի, Էդմոն Մարուքյանը պատասխանեց՝ երբ կուսակցության կառավարման խորհուրդը որշում կայացնի:
«Մենք չենք կարող անդադար ազդեցություն չունենալ մի իրավիճակի համար և, միևնույն ժամանակ՝ դրա համար կրել պատասխանատվություն: Հարցի հետ կապված՝ պարոն Խաժակյանի հետ դեռ չեմ խոսել, նրա համար չեմ ափսոսում, ապագայում նա կարող է լինել քաղաքապետի թեկնածու, պատգամավոր: Բայց այսօր, երբ նրա կատարած աշխատանքը ջուրն է լցվում, իմաստը ո՞րն է: Ցանկացած քաղաքական ուժ պարտավոր է ականջալուր լինել ժողովրդի բարձրացրած հարցերին, մենք չենք կարող ուրիշների արածի համար կրել պատասխանտվություն»,- ընդգծեց նա:
Հանդիպման ավարտին Էդմոն Մարուքյանին հիշեցրինք, որ երեկ ավագանու նիստում Դավիթ Խաժակյանի ելույթը 168.am-ում ամբողջությամբ լուսաբանվել է, ինչին ի պատասխան՝ Մարուքյանն ասաց՝ լուսաբանելը՝ լուսաբանել եք, բայց մարդիկ այն չեն տեսել: