2019թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ՊԵԿ իրավական ստորաբաժանումների կողմից 46.8 մլրդ դրամ հարկ վերականգնվել է պետբյուջե

«2019թ. 11 ամսվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի հետաքննչական և քննչական մարմիններում հարուցվել է 409 քրեական գործ՝ հիմնականում հարկերից խուսափելու և մաքսանենգության դեպքերով: Դրանցով պետությանը պատճառված վնասը կազմել է 20.8 մլրդ դրամ»,- 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՊԵԿ-ի իրավական ոլորտի աշխատանքները ներկայացնելով՝ հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

Այս ընթացքում ՊԵԿ իրավաբանական վարչությունում հարուցվել է 27,165  վարչական վարույթ: Դրա արդյունքում վարչական տույժի (տուգանքի) գումարը կազմել է 452 մլն դրամ, ինչից փաստացի գանձվել է 370 մլն դրամ:

2019 թվականի 11 ամսվա ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է 839 հայցադիմում, ինչը նախորդ տարվա համեմատ՝ ավելացել է երկու անգամ: Այս տարի բավարարվել է՝ 41, մերժվել՝ 35, կարճվել՝ 29 հայցադիմում:

ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով՝ հայցադիմումներն ուղղված են ՊԵԿ-ի կայացրած որոշումներին, ստուգման ակտերին, տարբեր ստուգողական աշխատանքների ընթացքում ընդունած ակտերին: Հայցադիմումների մի մասն էլ վերաբերում է վարչական տիրույթում որոշակի պարտականությունների կատարմանը:

«Իմ կարծիքով՝ հայցադիմումների ավելանալը հասարակության կողմից առհասարակ իրավական համակարգի նկատմամբ վստահության ավելացման արդյունք է, վստահության ավելացման հետևանք է: Ինչ-որ դեպքերում սուբյեկտը գտնում է, որ իր իրավունքները խախտվել են՝ իր կարծիքով, և հավատ ունենալով իրավական համակարգի նկատմամբ՝ հայցադիմում է ներկայացնում՝ փորձելով այդ եղանակով իրացնել իր իրավունքը»,- 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Էդվարդ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դա դեռ չի նշանակում, թե ՊԵԿ-ի դեմ բոլոր հայցադիմումները հիմնավոր են:

ՊԵԿ քննչական վարչության կողմից 2019 թ. ընթացքում քրեական գործերով պետբյուջե վերականգնվել է 5.5 մլրդ դրամ: Իսկ ստվերի բացահայտմանն ուղղված 86 միջոցառման արդյունքում՝ վերականգնվել է 214 մլն դրամ:

2019թ. 11 ամսվա ընթացքում, ՊԵԿ հաշվետվության համաձայն՝ ավելի քիչ միջոցառումներ են իրականացրել, սակայն էականորեն ակտիվացել է առաջադրված տուգանքների չափը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը դա պայմանավորում է հարկային իրավախախտում ունեցող սուբյեկտների թիրախային ընտրությամբ:

«Փորձել ենք ամեն կերպ բացառել ավելորդ և անհարկի միջամտությունները: Եթե վերլուծության արդյունքները գտել ենք հիմնավոր, նոր միայն իրականացրել ենք միջոցառումներ»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Ընդհանուր առմամբ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 46.8 մլրդ դրամ հարկի գումար՝ նախորդ տարվա 24.5 մլրդ դրամ գումարի դիմաց:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս