«Երեկ Ալիևը ստորագրել է գործողությունների պլան՝ «սև հունվարի» վերաբերյալ, իսկ ի՞նչ ենք անում մենք». Փորձագետ
Ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան այսօր «Ադեկվադ» միաբանության կազմակերպած «Ադեկվադ դիսկուրսի» ժամանակ անդրադառնալով Արցախի բանակցային գործընթացի շուրջ ծավալվող իրադարձություններին՝ նշեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում քարոզչական պատերազմը Գարեգին Նժդեհի անվան շուրջ ծավալվող Ադրբեջանի քարոզչական հարվածը գնում է բոլոր ճակատներում՝ պաշտոնական ու փորձագիտական հարթակներում, մամուլում և, ամենավտանգավորը, որ այդ ամենն արդեն անցել է պրակտիկ դաշտ։
«Ես առողջ ազգայնական եմ, տգետ չեմ, խավարամիտ չեմ և պնդում եմ, որ ազգային անվտանգության հարցերի մասին մտահոգվելը, տեսնելը, հաշվարկելն ամոթ չէ։ Մարդիկ, որոնք փորձում են պիտակավորել այն մարդկանց, որոնք մտածում են և վերլուծում, գլուխները «պատով են տվել»։ Մենք դեպք ունեցանք, երբ ՌԴ Արմավիր քաղաքում Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը պղծեցին և մեկ ամիս առաջ զգուշացրել էին, որ դա անելու են։ Երբ Ալիևը խոսում է թուրքական աշխարհի միավորման համար միակ խանգարող հանգամանքից՝ Զանգեզուրից, և ակնարկում, որ Արցախից հետո հաջորդը Զանգեզուրն է, քանի՞ հոգի դրա մասին իմացավ»,- նշեց փորձագետը։
Ինչ վերաբերում է վերջերս Հայաստանից, Արցախից ու Ադրբեջանից լրագրողների փոխայցերին, Անժելա Էլիբեգովան նշեց, որ Հայաստան գալով՝ ադրբեջանցի լրագրողները հավաքել են հայերի մասին իրենց միֆերը, այն է, որ Հայաստանում ամեն ինչ շատ վատ է, սով է, նրանց ամբողջ քարոզչությունը կառուցվել է այն բանի շուրջ, որ Արցախում հայերը վախենում են պատերազմից, հասարակության մեջ կա պառակտում, և այլն։
«Թե այս ամենը մեզ ինչ տվեց, դժվար է ասել։ Բայց մենք ինչո՞վ ենք պատասխանում քարոզչական պատերազմին։ Երեկ փաստացի Ալիևն արդեն ստորագրել է գործողությունների պլան «սև հունվարի» վերաբերյալ։ Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Ընտրություններից առաջ հայատյացության քարոզ է լինելու, արդյո՞ք մենք հակազդելու ենք դրան»,- շեշտեց Անժելա Էլիբեգովան։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում