«Իշխանությունը պետք է բացատրի, թե ինչո՞ւ ժամանակին գովերգվող սպաները դարձան վատ սպաներ, կամ ինչո՞ւ քաղաքապետարանում արվող գործարքները ենթակա չեն հաշվետվության». Անուշ Սեդրակյան
168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նախաձեռնել է հավաք՝ հեղափոխության օրակարգը պաշտպանող միավորների և անհատների մասնակցությամբ:
Բաբաջանյանի համար հավաքի նախաձեռնության հիմնականը առիթը հեղափոխության վտանգված լինելն է: Ըստ նրա՝ այսօր հեղափոխությունը վտանգում են ոչ միայն նախկինները, այլ նաև օրվա իշխանության որոշ ներկայացուցիչներ:
Քաղաքական հավաքի նախաձեռնության ղեկավարի կարծիքով՝ այս նախաձեռնությունը պետք է դառնա իշխանությանը հակակշռող մի կառույց, որից իշխանությունն անհրաժեշտության դեպքում կարող է խորհուրդներ լսել:
«Մենք կհաջողենք, եթե կարողանանք քաղաքական բանավեճն անցյալի դեմ պայքարից տեղափոխել ապագայի մասին քննարկումների դաշտ»,- ասաց հանուն մեկ միասնական նպատակի գաղափարախոսությունների դաշինք կազմելու առաջարկ անող Արման Բաբաջանյանը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանն այնքան էլ համամիտ չէր այն տեսակետին, թե պետք է միավորվել գաղափարախոսությունների շուրջ:
«Այստեղ մենք միասին ենք, այստեղ գաղափարախոսական տարբերություն չկա»,- ասաց Նարինե Դիլբարյանը՝ հույս հայտնելով, որ հավաքից հետո կսկսվի գործի ժամանակը:
Հավաքին ներկա քաղաքագետ Անուշ Սեդրակյանն անդրադառնալով հեղափոխությանը, ասաց, որ հեղափոխությունը ողջունելով՝ ժողովուրդն ունեցել է կարճաժամկետ ակնկալիքներ, սակայն նա վստահ է, որ 1.5 տարվա ընթացքում որևէ մեկն այդպես էլ չի սահմանել պետության ակնկալիքը: Սեդրակյանի համար դրանում մի քանի խնդիրներ կան:
Սեդրակյանի համար դրա առաջին խնդիրն այն է, որ իդեալական կառուցման եզրույթը եղավ արատավոր անցյալի, ոչ թե օրենսդրական և ժողովրդավարական ապագայի համեմատությամբ: Երկրորդ ծուղակը, ըստ Սեդրակյանի, պրոֆեսիոնալ աշխատանքը՝ պրոֆեսիոնալ, երբեմն էլ՝ ոչ պրոֆեսիոնալ պրոպագանդայով փոխարինելու փորձն է: Ասում է՝ «պրոպագանդան աշխատում է մինչև որոշակի քայլը»:
Սեդրակյանի համար երրորդ խնդիրը երկակի ստանդարտն է, որոնց հետևանքով «իշխանությունը պետք է բացատրի, թե ինչո՞ւ ժամանակին գովերգվող սպաները դարձան վատ սպաներ, կամ ինչո՞ւ քաղաքապետարանում արվող գործարքները ենթակա չեն հաշվետվության»: Քաղաքագետը վստահ է, որ հենց հաշվետվություններն են ժողովրդավարական պետության գործառույթը:
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի նախկին ղեկավար, տնտեսագետ Հայկ Այվազյանը, ներկաներին հեղափոխության արժեցած գնի մասին հիշեցնելով՝ ասաց, որ այսօր այդ հեղափոխությունը պահպանելու երաշխիքը մեկ անձ է, կամ ավելի ճիշտ՝ հավատն այդ անձի տված խոստումներին: Ըստ Այվազյանի՝ դրա լուծումը նոր, ժողովրդավար համակարգի ստեղծումն է, որտեղ անձինք փոխարինված կլինեն համակարգերով:
«Ես, ինչպես պայքարել եմ, շարունակելու եմ պայքարել ժողովրդավար արժեքների համար՝ մերժելով անգրագիտությունը, անբարոյականությունը, անհայրենիք լինելը, անարդարությունը, կեղծավորությունը և այլն: Սա է իշխանությանը զգոն պահելու միակ ճանապարհը: Ուստի և եկեք չսպասենք հաջորդ առիթին՝ փողոցներ փակելու»,- ասաց Հայկ Այվազյանը:
Քաղաքական հավաքին ներկա հրապարակախոս, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը խոսքը սկսեց՝ անդրադառնալով իշխանությունների պատասխանատվության և հաշվետու լինելու պայմանին: Ըստ նրա՝ օրվա իշխանությունները հիմա հարմարավետության տարածքում են՝ «зона комфорта», քանի որ բոլոր քննադատողներին մի պատասխան են տալիս՝ «բա ձեր ժամանա՞կ»:
Ըստ Խոդիկյանի՝ այդ խոսքը դարձել է արդարացում իշխանությունների համար, ու նա հույս ունի, որ Բաբաջանյանի նախաձեռնած քաղաքական հարթակը կփորձի հեղափոխական իշխանությանը բերել պատասխանատվության և հաշվետվողականության դաշտ:
Հավաքն ամփոփելիս նախաձեռնողները հայտարարեցին, որ նախաձեռնության շարունակականությունն ապահովելու համար նախատեսում են ստեղծել համակարգող խորհուրդ, որը կուսակցությունների, ՀԿ-ների ու անհատների հետ խորհրդակցություններ կիրականացնի, ինչից հետո հանդես կգան հետագա քայլերի մասին հայտարարությամբ:
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը վստահություն հայտնեց, որ քաղաքական հավաքն ու դրա շրջանակներում իրենց գործունեությունը կկարողանան հաջողել, եթե կարողանան քաղաքական բանավեճն անցյալի դեմ պայքարից տեղափոխել ապագայի մասին քննարկումների դաշտ:
Մինչ ընթանում էր հավաքը՝ սոցիալական կայքերում գրառումներ եղան այն մասին, թե Արման Բաբաջանյանն իր գործունեությունն իրականացնելիս վայելում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղակի աջակցությունը:
168.am-ի հարցին, թե ինչքանո՞վ են այդ հրապարակումները համապատասխանում իրականությանը, Բաբաջանյանը պատասխանեց, թե չգիտի անգամ՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը տեղյակ է այդ հավաքի մասին, թե՞ ոչ: Բաբաջանյանը վստահեցրեց, որ հեղափոխությունից հետո ոչ մի անգամ վարչապետի հետ հանդիպելու հնարավորություն չի ունեցել, ու հավելեց. «Ակնհայտ որևէ աջակցության մասին խոսք լինել չի կարող»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութերում