Բաժիններ՝

ՀՀ ԱԳ փոխնախարարն անընդունելի է համարել ՍԾՏՀ-ն քաղաքական առճակատման հարթակ դարձնելու փորձերը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը անընդունելի է համարում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և առնչվող կառույցների, մասնավորապես, խորհրդարանական վեհաժողովի գործունեությունը քաղաքական առճակատման հարթակ դարձնելու փորձերը, որոնք հակասում են կանոնադրությանը և խարխլում կազմակերպության հեղինակությունն ու արդյունավետությունը։ Այս մասին ՀՀ ԱԳ փոխնախարարը նշել է ելույթ է ունենալով Աթենքում դեկտեմբերի 13-ին կայացած ՍԾՏՀ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի հանդիպմանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով, որ հանդիպումը վարել է ՍԾՏՀԿ նախագահող երկիր Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։

«Շնորհակալություն հայտնելով հունական նախագահությանն անցյալ վեց ամիսներին կազմակերպության բեղուն գործունեության համար՝ Արտակ Ապիտոնյանն իր ելույթում անդրադարձավ ՍԾՏՀ առջև ծառացած խնդրահարույց հարցերին և ներկայացրեց ՀՀ մոտեցումները դրանց հանգուցալուծման համար։ Նա կոչ արեց կանոնակարգել ՍԾՏՀ-ում նախագահությունների ստանձնման գործընթացը, անդրադարձավ նաև ՍԾՏՀ օրակարգային այլ հարցերի՝ ներառյալ կազմակերպության բարեփոխումներին և արդյունավետության բարձրացմանը ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակիցներին տեղեկացրեց հոկտեմբերին Երևանում կայացած Համաշխարհային տեղեկատվական 23-րդ կոնգրեսի շրջանակներում ՍԾՏՀ բարձր մակարդակի հարակից միջոցառման արդյունքների մասին և ընդգծեց ՀՀ պատրաստակամությունը՝ շարունակելու ներդնել իր փորձը տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացման համար։

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց, որ անընդունելի են ՍԾՏՀ և առնչվող կառույցների, մասնավորապես՝ խորհրդարանական վեհաժողովի գործունեությունը քաղաքական առճակատման հարթակ դարձնելու փորձերը, որոնք հակասում են կանոնադրությանը և խարխլում կազմակերպության հեղինակությունն ու արդյունավետությունը։ Նա մատնանշեց տարածաշրջանում առևտրի, բաց սահմանների, գոյություն ունեցող տրանսպորտային ուղիների և ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործման ու դրանց ընդլայնման անհրաժեշտությունը, ինչը հատկապես կարևոր է ցամաքով շրջապատված պետությունների համար՝ տարանցիկ ուղիների միջոցով դեպի ծով ազատ և անխափան ելք ապահովելու առումով։

Արտակ Ապիտոնյանը մտահոգություն հայտնեց այն փաստի առնչությամբ, որ տարածաշրջանային առևտրի խթանման ռազմավարության բանակցված փաստաթուղթն արդեն երկու տարուց ավելի «պատանդ» է պահվում Ադրբեջանի կողմից, որը փորձում է դրան կցել անհիմն մեղադրանքներով իր հռչակագիրը։ ԱԳ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ ի վերջո բանականությունը և խոհեմությունը կհաղթանակեն և Ադրբեջանը կհանի իրավական հիմքերից զուրկ այդ հավելումը՝ թույլ տալով կազմակերպության համար այդքան կարևոր փաստաթղթի ընդունումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս