Վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նոր ղեկավարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նոր ղեկավար Նաթան Պորտերին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Յուլյա Ուստյուգովան:
Շնորհավորելով Նաթան Պորտերին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետը կարևորել է ԱՄՀ հետ գործընկերությունը և ՀՀ կառավարության տնտեսական օրակարգին ԱՄՀ շարունակական օժանդակությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ ընթացիկ տնտեսական իրավիճակին և նշել, որ այս տարի կանխատեսվում է ավելի քան 7 տոկոս տնտեսական աճ, ինչը լավատեսական նախադրյալներ է ստեղծում՝ հաջորդ տարի էլ ավելի բարձր ցուցանիշ արձանագրելու և հավակնոտ ծրագրեր կյանքի կոչելու համար: Տարբեր ուղղություններով՝ ինստիտուցիոնալ, կապիտալ ներդրումների, պետական գնումների բարեփոխումների արդյունավետ իրականացման համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է միջազգային գործընկեր կառույցների, այդ թվում՝ ԱՄՀ հետ գործակցությունը:
ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարը նշել է, որ Հայաստանի և ԱՄՀ միջև ձևավորվել է ամուր, փոխշահավետ գործակցություն, և ինքը պատրաստ է ջանքեր ներդնել՝ այն էլ ավելի սերտացնելու ու խորացնելու համար: Նաթան Պորտերը ողջունել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները և ընդգծել, որ ԱՄՀ-ն կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը՝ տնտեսության զարգացման օրակարգի կյանքի կոչման գործում:
Վարչապետը և ԱՄՆ հայաստանյան առաքելության ղեկավարը մտքեր են փոխանակել գործընկերության օրակարգի, համատեղ ծրագրերի, ինչպես նաև կրթական ոլորտի բարեփոխումների, կարողությունների զարգացման հնարավորությունների և անելիքների շուրջ: