«Առանձին համայնքի ներկայացվածությունը բանակցություններում որևէ կերպ հիմնավորել հնարավոր չէ». Միքայել Զոլյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի խոսքով՝ իշխանությունը և անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Արցախի «ադրբեջանական համայնքի» բանակցություններին մասնակցելու վերաբերյալ Ադրբեջանի արած պնդումներն անհիմն են, քանի որ այդ «համայնքի» ներկայացուցիչները համարվում են Ադրբեջանի քաղաքացիներ և քվեարկում են ընտրություններում:

«Այս պահին այդ մարդիկ, ինչպես և Ադրբեջանի քաղաքացիները, ընտրել են կամ գուցե չեն ընտրել Իլհամ Ալիևին, ուստի՝ նա կարող է այդ մարդկանց ներկայացնել: Հետևաբար՝ առանձին համայնքի ներկայացվածությունը բանակցություններում որևէ կերպ հիմնավորել հնարավոր չէ: Սրա մասին է խոսքը, կարծում եմ՝ պարոն Իգիթյանի խոսքը համատեքստից հանվել է, և այդ հարցը նա շատ լավ կմեկնաբանի: Բոլորս պետք է հասկանանք, որ մեր դիրքորոշումը սա է և մեր այդ դիրքորոշումը չի փոխվել»,- շեշտեց Միքայել Զոլյանը:

Հիշեցնենք, որ  Հովհաննես Իգիթյանն օրերս լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դիտակմանը, թե ի պատասխան իշխանությունների կոչերին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, Ադրբեջանն էլ իր կողմից բարձրացնում է Արցախի «ադրբեջանական համայնքի» հարցը, ասել էր, որ վարչապետն արդեն ասել է, որ դեմ չէ, որպեսզի Իլհամ Ալիևի հետ նրանք էլ մասնակցեն բանակցություններին:

168.am-ի հարցին, որ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերը միշտ բարձրաձայնում են, որ բանակցություններում իրենց մասին հայկական կողմը չի բարձրաձայնում, արդյոք ճիշտ ժամանակը չէ՞, որ նրանց շահը ևս հաշվի առնեն, Միքայել Զոլյանը պատասխանեց, որ նախորդ տասնամյակների մեծագույն բացթողումներից մեկն այն է եղել, որ դեպի Հայաստան, և ոչ միայն, եկած փախստականների մասին հարցն  ըստ էության բանակցային գործընթացում չի եղել:

«Մեկ օրում դժվար կլինի այդ սխալն ուղղել, քանի որ որոշակի իներցիա և արդեն որոշակի տրամաբանություն է ձևավորվել բանակցային գործընթացում, բայց կարծում եմ՝ այս հարցը մենք միշտ պետք է բարձրաձայնենք, քանի որ, ի վերջո, փախստականներ եղել են՝ սկսած հենց 1988  թվականից, և փախստականների քանակը միանգամայն շատ է եղել: Կարծում եմ՝ հակամարտության վերջնական լուծումը պետք է ենթադրի նաև հայ փախստականների հարցի լուծում»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031