Ինչու ոստիկանությունը քրեական գործ չհարուցեց վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ

«Ոստիկանությունը դեկտեմբերի 6-ին որոշում է կայացրել մերժել և քրեական գործ չհարուցել Արարատի մարզպետի հրահանգով՝ իրենց գյուղի վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ»,- այս մասին 168.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից՝ որպես հիմք վկայակոչելով Քրեական օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 1 կետը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին 168.am-ը հանրայնացրեց մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ հերթական սկանդալային միջադեպի կոծկված թեման:

Միջադեպը ծագել էր այն բանից հետո, երբ  «կանտովկան դզելու համար»  մարզպետը դիմել էր Նոր կյանքի վարսավիր Սերոբին, իսկ Սերոբը հրաժարվել էր արտահերթ սպասարկել նրան։

Մարզպետն էլ, իբր վիրավորված իր հանդեպ շարքային վերաբերմունքից, անխոս ու վրդովված դուրս էր եկել վարսավիրանոցից ու կես ժամ անց հաշիվ մաքրելու էր ուղարկել «հավատարիմներին»։

Մարզպետի հետ շփումից հետո հենց վարսավիրանոցի  մուտքի մոտ ծեծի են ենթարկում վարսավիր Սերոբին։ Ծեծի ենթարկող Արմեն Դավթյան անունով անձը, ով, ըստ լուրերի, ոչ թե մարզպետի վարորդն է, այլ եղբայրը, ծեծկռտուքից հետո Սերոբին սպառնում է այդ գյուղ ոտք չդնել՝ ասելով, թե՝ «ամեն անգամ էս գյուղ գալուցդ նորից ծեծ ես ուտելու ու գնաս»։

Եվ ինչպես ավելի վաղ գրել էինք, այս միջադեպն այսքանով չի ավարտվում, մարզպետը վրեժխնդրորեն որոշում է մինչև վերջ «խեղճացնել» իրեն մերժած Սերոբին. առաջինը փակել է տալիս վարսավիրանոցը, իսկ հետո Սերոբին վտարում է  այդ գյուղից։ Վարսավիր Սերոբն այդ օրվանից հետո տեղափոխվել է հարևան գյուղ՝ Տափերական, ասում են՝ վախից նա Նոր կյանք ոտք չի դնում, իսկ Նոր կայնքի իր  հաճախորդներին հարկադրված այնտեղ է սպասարկում։

Հիշեցնենք, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը մեր հրապարակումից մի քանի ժամ անց համարձակորեն հերքման սրտաճմլիկ տեքստ հրապարակեց՝ հընթացս  սպառնալով լրատվամիջոցին, թե դատի կտա իր գործունեությանը շարունակ հետևելու համար։

Ոստիկանությունն էլ հապճեպ որոշեց արձագանքել մարզպետի կոչին և հրապարակումների հիման վրա քննություն սկսեց։  Իրավիճակը կտրուկ փոխեց վարսավիրի հայրը՝ «Ազատությանը» տված հարցազրույցով:

Ռազմիկ Բարֆյանը ոչ միայն հաստատել էր որդու հետ կատարված միջադեպի թեման, այլև  մեր հրապարակումն ամբողջությամբ հաստատող նոր մանրամասներ էր հրապարակել, որոնք առնչվում էին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին ու նրա վարորդին։

Ի դեպ, մեզ հայտնի դարձած տվյալներով՝ այդ օրերին մի քանի անգամ Վեդու ոստիկանական բաժանմունք է կանչվել ծեծի ենթարկված Սերոբը, նաև մարզպետն է հարցաքննվել, սակայն,  ինչպես ենթադրվում էր ի սկզբանե՝ թեման «ջրվել» է ոստիկանությունում, որովհետև վարսավիր Սերոբը, երևի  վախից և ճնշումներից ելնելով՝ թեև  չի հերքել միջադեպը, բայց որոշել է չբողոքել մարզպետի դեմ։

Ի դեպ, նա իր վախն ու սարսափը չէր թաքցրել նաև 168.am-ի հետ զրույցում։ «Փակեք թեման, թող գնա, խնդրում եմ, չեմ ուզում քաշքշուկի մեջ ընկնել, իմաստը չկա, հիմա ես աշխատում եմ Տափերականում»,- ասել էր նա։

Հիշենք միայն Գարիկ Սարգսյանի ինքնագոհ ու վստահ հայտարարությունը միջադեպից հետո, երբ արձագանքելով իր հրաժարականը հասունացրած միջադեպին՝ ասել էր, թե դրան սպասողներին նորից «երազախաբ» է անելու:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս