Ապրիլյան քննիչ հանձնաժողովի «փուչիկը» կպայթի, եթե…

Պարբերաբար ականատես ենք լինում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար օգտագործում մանևրելու հնարավոր ամեն տարբերակ։ Ն. Փաշինյանն իր տեսակով այդպիսին է. կարողանում է հեշտությամբ մանիպուլյացնել հանրությանը, նա շատ լավ է պատկերացնում, թե հանրային դիսկուրսում ինչ օրակարգեր կարելի է ներդնել ու կիրառել։ Վերջին շրջանում տեղի ունեցող շղթայական իրադարձությունները, ԱԺ-ում այս կամ այն արհեստական հայտարարություններն ու անբովանդակ հայտարարությունները փաստում են, որ գրեթե ամենուր ձախողումներ արձանագրած իշխանությունը փրկօղակներ է որոնում։

Նման արհեստական ու կեղծ օրակարգերից է նաև ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, որի աշխատանքները ևս վեց ամիս երկարաձգելու հարցը նախօրեին հաստատեց խորհրդարանը:

Ակնհայտ է, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը հակասական գործ է: Մի կողմից՝ այդ պատերազմը վեր է հանել Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգի հետ կապված լրջագույն խնդիրներ ու հարցեր, մյուս կողմից՝ այդ պատերազմում հայկական զինուժը լուծել է ոչ պակաս լրջագույն խնդիր ու հարց՝ վերականգնել է ռեգիոնալ ռազմաքաղաքական հավասարակշռությունը և փակուղի մտցրել Ադրբեջանի ռազմական դիվանագիտությունը:

Փաստն այն է, որ սա քաղաքական ենթատեքստեր հետապնդող կառույց է, և իշխանությունների համար լրացուցիչ գործիք է՝ իրենց համար ռիսկային համարվող և անցանկալի անձանց ինչ-որ կերպ արհեստական շահարկման ու հանրային թիրախ դարձնելու նպատակով։ Այս կառույցն իր ստեղծման հենց առաջին օրվանից լծված է սպասարկելու օրվա իշխանություններին և իր համար գծված սահմաններից ոչ մի սանտիմետր դուրս չի գալիս, քանի որ նրա բուն ֆունկցիան կայանում է՝ ինչքան հնարավոր է՝ նսեմացնել Ապրիլյանի հետքերն ու արժեզրկել այդ պատերազմում իրենց լուման ներդրած պետական գործիչներին ու զորահրամանատարներին։

Ըստ էության, ներկայումս այդ հանձնաժողովի առաջ դրված է՝ հնարավոր տարբերակով, գոնե մի փոքր ճշմարտության տարրեր հայտնաբերել Փաշինյանի կողմից ժամանակին հնարած միֆերի վերաբերյալ։ Հենց դրանով է պայմանավորված նաև, որ հանձնաժողովի աշխատանքները երկարացվում են ևս վեց ամսով, որպեսզի կարողանան Նիկոլ Փաշինյանի կողմից պարբերաբար շրջանառվող, մեղմ ասած՝ իրականության հետ աղերսներ չունեցող թեզերը կյանքի կոչելու համար համապատասխան փաստեր հայթայթել։

Նույն Փաշինյանն 2016-ին ամբիոնից բղավում էր, որ «տանկերում դիզվառելիք չի եղել», «զինվորները կռվել են բահերով», «պատերազմը հրահրել է ՌԴ-ն՝ Ադրբեջանին ԵԱՏՄ բերելու համար»։ Ու պատահական չէ, որ այսօր այս թեզերի ու պնդումների մասին ոչ ոք չի հիշում, և համապատասխան տրամաբանական եզրահանգումներ չեն արվում, և սա՝ այն դեպքում, երբ ՀՀ պաշտպանության ներկայիս նախարար, 2016-ին ՊՆ նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը քանիցս հայտարարել է, որ այդ օրերին բանակում սպառազինության հետ կապված որևէ խնդիր չի եղել։

Նախարարն ասել է, որ արդեն իսկ պարզ է, թե ինչ է կատարվել պաշտպանության համակարգում այդ ժամանակ, իսկ հանձնաժողովը հնարավորություն կտա վերջ դնել հասարակության մեջ եղած ասեկոսեներին ու բանսարկություններին: «Չհասկացվածությունն Ապրիլյանի գործողությունների հետ կապված՝ կբացառվի», – ասել է նա:

Ի դեպ՝ նախարար Տոնոյանը չի բացառել, որ եղել են որոշ թերություններ և բացթողումներ, սակայն, եթե ուշադիր հետևում ենք նրա պնդումներին, կարելի է եզրակացնել, որ այս հանձնաժողովը շոշափելի փաստական «լյապեր» և «սենսացիոն» բացահայտումներ անելու հնարավորություն  չի ունենալու։

Նշենք, որ այս ընթացքում քննիչ հանձնաժողով են հրավիրվել ապրիլյան պատերազմի հետ անմիջական կապ ունեցած մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, նաև պատերազմի մասնակիցներ, այդ թվում՝ շարքային զինվորներ։ Իսկ նախօրեին այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ «մինչ այժմ ուսումնասիրել են հազարավոր գաղտնի էջեր, և հարցաքննվել են զինվորներ, որի արդյունքում կազմվել է բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, որոնք կհրավիրվեն առաջիկա ամիսներին հարցեր տալու և պատասխան ստանալու»: Քոչարյանի խոսքով՝ առաջիկայում հանձնաժողովում հարցաքննության կհրավիրվեն Յուրի Խաչատուրովը, Հայկազ Բաղմանյանը և Սերժ Սարգսյանը:

Այս պարագայում, սակայն, առաջ է գալիս մեկ այլ հարց՝ կապված Քոչարյանի այն հայտարարության հետ, թե քննիչ հանձնաժողովում ովքեր և որ ժամանակահատվածում են հրավիրվելու հարցաքննության։ Հիշյալ փաստերի առաջ քաշելուց հետո տրամաբանական է, որ հանձնաժողով հրավիրվի նաև Փաշինյանը և բացատրություն տա, թե որտեղի՞ց ու ի՞նչ փաստերի  հիման վրա է ժամանակին նման բարձրագոչ հայտարարություններ հնչեցրել։ Ըստ էության, եթե Փաշինյանը չկանչվեց քննիչ հանձնաժողով՝ բացատրություն տալու, ապա այդ մարմնի «ֆեյք» լինելը դառնում է բացահայտ ու պարզ ճշմարտություն։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս