Սահմանադրության համաձայն՝ իշխանությունները պարտավոր են պաշտպանել քաղաքացիների արժանապատվությունը. Դավիթ Պետրոսյան
«Մեր արարքի մասով շատ գոհ ենք, շատ ուրախ ենք, որ գտնվում ենք այս պրոցեսի մեջ»,- «Մալյանն ընդդեմ «Ռեստարտի»» գործով դատական նիստից հետո՝ անդրադառնալով մարտի 4-ին Նարեկ Մալյանին աղբամանը նետելու փորձին, ասաց «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
Լրագրողների հետ զրույցում Դավիթ Պետրոսյանը՝ հղում անելով ՀՀ Սահմանադրությանը, մի քանի անգամ կրկնեց, թե Սահմանադրության համաձայն՝ իշխանությունները պարտավոր են պաշտպանել քաղաքացիների արժանապատվությունը: Դ.Պետրոսյանն անգամ քաղաքացիների արժանապատվությունը պաշտպանելու կոչով դիմեց պատկան մարմիններին՝ նշելով, որ հայհոյանքների պատճառով վնաս է հասցվում անձի արժանապատվությանը:
168.am-ի հարցին, թե մշտապես երկրում արժանապատվության մթնոլորտի անհրաժեշտության ու քաղաքացիների արժանապատվության իրավունքի մասին խոսող երիտասարդն այն կարծիքին չէ՞, որ Նարեկ Մալյանին աղբամանը նետելու իրենց քայլն արժանապատվության ոտնահարում է, Դավիթ Պետրոսյանը պատասխանեց.
«Այո, հնարավոր է, որ լինեն այդպիսի մտահոգություններ: Այո, մարդիկ կարող է ունենան օբյեկտիվ այդպիսի կարծիք: Մենք լսել ենք շատ քննադատություններ: Այդ քննադատությունները մենք ընդունում ենք: Բայց պետք է նշենք, որ մենք մոտավորապես 1.5 տարի այս խնդրի մասին բարձրաձայնել ենք»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, թե Մալյանն իրենց հասցեին հայհոյանքներ է հղել, որոնք չեն կարող ոչ մի գումարով չափվել:
Դավիթ Պետրոսյանն ասաց, թե իրենք հայհոյանքով չեն պատասխանել Մալյանին, նրա բարեկամներին:
«Իսկ արժանապատվության հետ կապված, երևի տվյալ անձին պետք է հարցնեք, թե իր արժանապատվությունը վիրավորվե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց Դավիթ Պետրոսյանը:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ գործով ամբաստանյալներից Դավիթ Սիմոնյանը չէր ստացել մեղադրական եզրակացությունը:
Հիշեցնենք նաև, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Յուրի Ավագյանին, Դավիթ Պետրոսյանին, Հրաչյա Խլղաթյանին, Արամայիս Պետրոսյանին, Գարիկ Միսակյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել 2019թ. մարտի 4-ին` ժամը 00:40-ի սահմաններում բռնություն գործադրմամբ Նարեկ Մալյանին առևանգելու փորձ կատարելու համար, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված: Երիտասարդները նաև տեսանկարահանել էին Նարեկ Մալյանի նկատմամբ իրականացրած գործողությունները:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում