«Նարեկ Մալյանն ընդդեմ «Ռեստարտի»» դատական նիստը հետաձգվեց
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ «Նարեկ Մալյանն ընդդեմ «Ռեստարտ» կազմակերպության անդամների» գործով առաջին դատական նիստը:
Փաստաբաններ Կարեն Մեժլումյանը և Ինեսսա Պետրոսյանը դատարանում ստանձնեցին գործով ամբաստանյալներ՝ «Ռեստարտի» վեց անդամների պաշտպանությունը:
Ամբաստանյալների անձի ճշտումից և նրանց իրենց իրավունքների մասին տեղեկացնելուց հետո դատական նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալներից մեկը չէր ստացել մեղադրանքը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 29-ին՝ 13:30-ին:
Հիշեցնենք, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Յուրի Ավագյանին, Դավիթ Պետրոսյանին, Հրաչյա Խլղաթյանին, Արամայիս Պետրոսյանին, Գարիկ Միսակյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք խմբով 2019թ. մարտի 04-ին` ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեում բռնություն գործադրելով՝ փորձել են բացահայտ առևանգել Նարեկ Մալյանին, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով: Երիտասարդները նաև տեսանկարահանել էին Նարեկ Մալյանի նկատմամբ իրականացրած գործողությունները: